Ուկրաինան ԵՄ-ին կոչ է անում ասոցացման բանակցությունները վարել Ռուսաստանի մասնակցությամբ. Կոժարա
Ուկրաինան ԵՄ-ին կոչ է արել ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները վարել Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ մասին շաբաթ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Լեոնիդ Կոժարան:
Ժամանակն է, որ Ուկրաինան եւ ԵՄ-ն նստեն բանակցային սեղանի շուրջ եւ որոշեն, ինչպես մենք պետք է կատարենք ասոցացման մասին պայմանագիրը, հայտարարել է Կոժարան: «Մենք նաեւ ցանկանում ենք, որպեսզի բանակցություններին ներկա լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները` ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական մակարդակում»,-ասել է Կոժարան:
«Ռուսաստանն ի վիճակի է ողջամտորեն մոտենալ մի շարք խնդիրների լուծմանը, որոնք կարող են լուծվել միայն նրա մասնակցությամբ: Ուստի մենք ԵՄ-ին կոչ ենք անում ընդունել նման տեխնիկական բանակցությունների վարման գաղափարը»,-նշել է նա:



