Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության ռազմավարական երկրորդ շրջափուլին և ՀՀ զինված ուժերի պրոֆեսիանալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացներին, Բրիտանական ուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթությանն ու վերապատրաստմանը:
Դ. Տոնոյանը նշեց, որ բիտանացի գործընկերների հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկարամյա համագործակցության փորձ ունի և պատրաստվում է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը, ինչին ի պատասխան բրիտանական կողմը հաստատեց Հայաստանի հետ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում նախաձեռնել համագործակցության նոր ծրագրեր:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր: