Մարտին Շուլցը խորապես հիասթափված է, որ Հայաստանն ու Ուկրաինան արտաքին ճնշման տակ տեղի են տվել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը երեկ շնորհավորել է Վրաստանին ու Մոլդովային և հիասթափություն է հայտնել Ասոցացման համաձայնագրից Հայաստանի ու Ուկրաինայի հրաժարվելու կապակցությամբ: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի կայքում տեղ գտած մամլո հաղորդագրությունում:

Շուլցի խոսքերով՝ «Արևելյան գործընկերությունը» կարևոր նախագիծ է, որը մերձեցնում է ԵՄ-ին ու նրա արևելյան հարևաններին՝ հանուն նրանց քաղաքացիների բարօրության: Շուլցը կարծում է, որ Վիլնյուսի գագաթաժողովը (մեկնարկում է այսօր) կհանդիսանա կարևոր քայլ տվյալ գործընթացում.

«Ես շնորհավորում եմ Վրաստանին ու Մոլդովային՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր նախաստորագրելը պլանավորելու համար: Սակայն ես խորապես հիասթափված եմ, որ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվել են գագաթաժողովում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պլանից (Հայաստանի դեպքում՝ նախաստորագրում):

Հատկապես վիրավորական է, որ այդ երկրներն իրենց կատարած ընտրությունը վերանայելու մասին որոշում ընդունել են արտաքին ճնշման տակ: Մենք պետք է հայտարարենք հստակ ու հնչեղ, որ մեր հարևանների դեմ Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ճնշումը  պարզապես անընդունելի է»:

Շուլցը հավելել է, որ ԵՄ-ի հետ ասոցացացման դռները մնում են բաց, և որ Եվրոպան երբեք չի մերժի տարածաշրջանի ժողովուրդներին նրանց եվրոպական հույսերում:

Տեսանյութեր

Լրահոս