IBM-ի կենտրոնը կգործի Երևանի պետական համալսարանում
2014թ. Հայաստանում կսկսի գործել IBM նորարարական տեխնոլոգիաների և լուծումների կենտրոնը: Նոր կենտրոնն աշխատելու է երկու հիմնական ուղղությամբ` ձեռներեցության զարգացման, ինչպես նաև՝ Հայաստանի առաջատար բուհերի զարգացման ուղղությամբ: Այսօր` նոյեմբերի 25-ին, կենտրոնի ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ առաջին միջոցառումը, որը ներկայացնում էր IBM-ի ակադեմիական նախաձեռնությունը Հայաստանում: 168.am-ի հետ զրույցում Հայաստանում IBM-ի նորարարական տեխնոլոգիաների և լուծումների կենտրոնի հիմնադրման ծրագրի ղեկավար Սոնա Կոչկանյանը (Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ) նշեց, որ IBM-ի ակադեմիական նախաձեռնություն ծրագրի շրջանակում բուհերին անվճար կտրամադրվի IBM-ի լիցենզիաներ, ուսումնամեթոդաբանական նյութեր, կապահովվի IBM-ի վիրտուալ գրադարանների հասանելիությունը տեղական բուհերի համար, և այլն:
Ըստ Ս. Կոչկանյանի՝ վաղը`նոյեմբերի 26-ին, նախատեսվում է IBM-ի ներկայացուցիչների հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործող նորաստեղծ ընկերությունների և թիմերի, ինչպես նաև՝ ուսանողների հետ, որտեղ կքննարկվեն Հայաստանում Smarter Planet մրցութային ծրագրի առաջնային ուղղությունները, ինչպես նաև կծանոթանան IBM-ի ծրագրային ապահովումների և պլատֆորմների հիման վրա սեփական բիզնես գաղափարների իրականացման հնարավորություններին (Հանդիպումը նախատեսված է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ժամը` 15:00-18:00-ը.- Լ.Մ.)
Ս.Կոչկանյանը տեղեկացրեց նաև, որ IBM-ի նորարարական տեխնոլոգիաների և լուծումների կենտրոնը գործելու է հայաստանյան պետական բուհերից մեկում` Երևանի պետական համալսարանում:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 20-ին ՀՀ կառավարության և IBM-ի միջև կնքված հուշագրում նշված համագործակցության շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, IBM ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ստեղծվելու է IBM Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոն: