Զուրաբ Աբաշիձեն ու Գրիգորի Կարասինը Պրահայում ամփոփել են իրենց միամյա երկխոսության արդյունքները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Պրահայում տեղի է ունեցել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ժամանակ նրանք ամփոփել են տվյալ ձևաչափով մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

Հանդիպումից հետո Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում հիշեցրել է, որ Կարասինի հետ իրենց երկխոսությունը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերին, ինչի նախաձեռնողներն են եղել Վրաստանի նոր կառավարությունը և Ռուսաստանի ղեկավարությունը:

Աբաշիձեի խոսքերով՝ տվյալ երկխոսության շրջանակներում դիտարկվում են առևտրային, տրանսպորտային ու մշակութա-հումանիտար ոլորտներին առնչվող հարցեր:

Աբաշիձեն մանրամասնել է, որ ի սկզբանե կողմերը որոշել են իրենց հանդիպումներում չարծարծել այն հարցերը, որոնք քննարկվում են Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների շուրջ 2008 թվականի աշնանից Ժնևում անցկացվող բանակցությունների ժամանակ:

Երեկվա հանդիպումը հանդիսացել է տվյալ ձևաչափով Աբաշիձեի ու Կարասինի հինգերորդ հանդիպումը, որի ժամանակ էլ նրանք ամփոփել են երկխոսության մեկ տարվա արդյունքները, ինչպես նաև քննարկել են երկխոսության հաջորդ փուլի անցկացման հարցը.

«Մենք ընդգծել ենք, որ մեկ տարի առաջ մեր ձևավորած օրակարգում եղած հարցերի մեծ մասի լուծումը գործնականում իրականացված է: Մասնավորապես, կարևորվել է վրացական արտադրանքի վերադարձը ռուսական շուկա: Համատեղ ջանքերով հնարավոր է դարձել վրացական ալկոհոլային արտադրանքի, հանքային ջրերի ու գյուղմթերքի վերադարձը ռուսական շուկա:

Հուսով ենք, որ մինչև ընթացիկ տարեվերջ ամբողջովին կվերականգնվի տվյալ ուղղությամբ վրացական արտահանումը: Մենք քննարկել ենք Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի վիզային ռեժիմի դյուրացման հարցը, ինչի ուղղությամբ կատարվում են որոշակի քայլեր:

Դրա հետ կապված՝ պետք է ընդգծել, որ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար գործում է ոչ վիզային ռեժիմ, իսկ ռուս զբոսաշրջիկների քանակն ընթացիկ տարվա 10 ամսում աճել է 50 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հետ, և հասել է 660.000-ի: Տվյալ ցուցանիշները որոշակի առումով հանդիսանում են երկկողմ երկխոսության արդյունք»:

Տեսանյութեր

Լրահոս