Վարդան Պետրոսյանի գործը կքննի քննչական խումբը. դերասանը հրաժարվել է մասնակցել քննչական գործողություններին
«Վարդան Պետրոսյանը հրաժարվել է մասնակցել քննչական գործողություններին»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Վ. Պետրոսյանի նման դիրքորոշումը, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց.
«Պատճառն այն է, որ մարդու արժանապատվությունը վիրավորող քննիչի մասնակցությամբ յուրաքանչյուր մարդ կհրաժարվեր քննչական գործողության մասնակցել:Սա բանականություն է, ինձ թվում է, իրավական խնդիր չէ»:
Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին: Այն կգլխավորի քննիչ Հայկ Հակոբյանը: Նշենք, որ հենց այս քննիչին է բացարկ հայտնել Նիկոլայ Բաղդասարյանը: Անդրադառնալով գործը քննչական խմբի հանձնարարելու մասին որոշմանը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց.
«Ես անկեղծ չեմ հավատում, որ այս պահից ի վեր կա ծավալուն քննչական գործողությունների կատարման անհրաժեշտություն, որի համար պետք է երեք քննիչ ներգրավվեին: Իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է ծավալուն քննչական գործողությունների կատարման համար միայն քննչական խումբ ստեղծել: Նման բան չկար այս գործում: Մեկ քննիչ կարող էր գործը քննել ավելի կարճ ժամկետում և ավարտել, եթե օրինական գործողություններ կատարեր»:
Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ Վարդան Պետրոսյանը դեռևս գտնվում է «Քանկոր» բժշկական կենտրոնում. հայտնի չէ՝ երբ նա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ վաղը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կքննի Վ. Պետրոսյանի բողոքը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկել է Վ. Պետրոսյանին կալանավորելու մասին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Պաշտպանը միջնորդել է նաև Վ. Պետրոսյանին ազատել կալանքից կամ նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ որպես գրավի գումար սահմանելով 500.000 դրամ: