Human Rights Watch-ը քննադատել է Իրանի իշխանւթյուններին
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Իրանին՝ կապված աֆղան փախստականների իրավունքները խախտելու հետ: Իրավապաշտպանների հատուկ զեկույցը հրապարակվել է այսօր, Քաբուլում:
Զեկույցում խոսք է գնում Իրանի իշխանությունների կողմից հազարավոր աֆղանների երկրից արտաքսելու և նրանց հայրենիք ուղարկելու մասին, ուր և նրանք հայտնվում են լուրջ վտանգի տակ:
Զեկույցում ընդգծվում է, որ Իրանի իշխանություններն Աֆղանստան են ուղարկում և՛ նրանց, ովքեր վաղուց են բնակություն հաստատել Իրանում, և՛ նրանց, ովքեր ոչ վաղ անցյալում են լքել հայրենիքը՝ վախենալով բռնություններից:
Միևնույն ժամանակ իրավապաշտպաններն իրենց գոհունակությունն են հայտնել Իրանի կողմից վերջին ավելի քան 30 տարում աֆղաններին ապաստան տրամադրելու համար: Եվ այնուամենայնիվ, նրանք Իրանին կոչ են անում պահպանել փախստականների ու վերաբնակների հետ վարվելու մասին միջազգային չափորոշիչները: