Դավութօղլուն հուսով է, որ հաջողությամբ կավարտվի Սարգսյան-Ալիև հանդիպումը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հանդիպումը նախ անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն անդրադարձել է բազում խնդիրների, այդ թվում նաև երկկողմանի հարաբերություններին, մերձավորարևելյան խաղաղության գործընթացին, Սիրիայի, Իրաքի, Իրանի, Կիպրոսի խնդիրներին:
Դավութօղլուն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին. «Հուսով ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարճ ժամանակահատվածում կստանա իր լուծումը և դրանով իսկ Կովկասի տարածաշրջանին կբերի խաղաղություն: Թուրքիան ու ԱՄՆ-ը այս հարցում ունեն միևնույն դիրքորոշումը»:
Դավութօղլուն ցանկություն է հայտնել, որ հաջողությամբ ավարտվի այսօր Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումը: