Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից կշահեն բոլորը՝ ընդհուպ մինչև Աֆղանստան. Էրդողան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը գնահատական է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թուրքական վերջին ացին, որն իրականացվել է նոյեմբերի 12-13-ին և հանդիսացել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ալիևի առաջին արտասահմանյան այցը.

«Բնականաբար, այդպիսի այցը մեզ համար արդեն իսկ դարձել է ավանդական: Մենք նույնպես ընտրությունների ավարտից հետո առաջին արտասահմանյան այցը կատարում ենք Ադրբեջան: Նրանք վարվում են նույն կերպ: Իլհամ Ալիևի ներկայիս երկօրյա այցն իսկապես տեղի է ունեցել անկեղծ և բաց մթնոլորտում:

Այն շատ արդյունավետ էր: Դուք տեղյակ եք, որ Ադրբեջանի հետ ստեղծել ենք Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ, ինչպես որ Ռուսաստանի պարագայում է: Մենք կնքել ենք մեծ քանակությամբ երկկողմ համաձայնագրեր, որոնք առնչվում են ռազմական,քաղաքական, տնտեսական, առևտրի ու մշակույթի ոլորտներին:

Ես տեղյակ եմ, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություննրը զարգանում են դրական ուղղությամբ: Դրա հետ կապված՝ կա մեկ թեմա, որն ինձ համար ներկայացնում է հատուկ կարևորություն: Դա Մինսկի խմբի աշխատանքն է, որում համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Անհրաժեշտ է, որ նրանք կատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Եթե կարգավորվի հակամարտությունը, ապա արդյունքում կշահեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան, թե՛ նաև Ռուսաստանն ու Իրանը: Կշահեն բոլորը՝ ընդհուպ մինչև Աֆղանստան»:

Տեսանյութեր

Լրահոս