Քութայիսում գտնվող խորհրդարանի շենքը կարող է հատկացվել միջազգային հեղինակավոր կազմակերպությանը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Քութայիսում Վրաստանի խորհրդարանի շենքում կարող է տեղակայվել միջազգային որևէ հեղինակավոր կազմակերպության գրասենյակը: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին:
Վերջինիս խոսքերով՝ իրենք դիտարկում են մի շարք տարբերակներ՝ Քութայիսում գտնվող խորհրդարանի շենքն օգտագործելու համար, երբ որ օրենսդիր մարմինը կվերադառնա Թբիլիսի. «Քութայիսում խորհրդարանի շենքի կոմունալ ծառայությունները տարեկան պահանջում են կես միլիոն լարի, և դա լավագույն դեպքում:
Կատարելապես անհնար է, որ որևէ ուսումնական հիմնարկ կարողանա կատարել այդպիսի ծախսեր: Շենքում չկա օդորակման համակարգ: Հնարավոր է՝ մենք կարողանանք շահագրգռել միջազգային կազմակերպություններին, որոնք ունեն մեծ հեղինակություն, և Քութայիսում խորհրդարանի շենքը կարող է օգտագործվել որպես միջազգային որևէ կազմակերպության գրասենյակ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի կվերադառնա ամիսներ անց: