Բաժիններ՝

Հայ երիտասարդների նախագիծը` Թուրքիայում ընթացող Webit Congress-ում

Համակարգչային խաղերի, բջջային հավելվածների, ինտերնետ առևտրով զբաղվողների, առհասարակ՝ ինտերնետ միջավայրում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների և անհատների համար ստեղծվել է փորձարկման հարթակ` Forkize-ը, որը հնարավորություն է տալիս առավելագույն կարճ ժամանակահատվածում մատչելի գներով որևէ ապրանքի փորձարկում կատարել: Օրինակ` որոշել տվյալ ապրանքի գինը, զեղչերի անհրաժեշտությունը, ծրագրում անհրաժեշտ հատկությունների ավելացումը և այն, թե ի՞նչ է սպասում Ձեզանից պոտենցիալ գնորդը:

Նոր հարթակը ստեղծել են չորս հայ երիտասարդներ, ովքեր մասնագիտացած են ծրագրային ապահովման, վաճառքի և գործարար կառավարման մեջ: Forkize նախագծի հիմնադիրներից Արտակ Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այս հարթակը հեշտացնում է մասնավորապես փոքր և միջին բիզնեսի ընկերությունների աշխատանքը, որոնք այլևս անհրաժեշտություն չեն ունենա հատուկ ծրագրավորող վարձելու` իրենց արտադրանքի փորձարկումը կազմակերպելու համար: Նոր հարթակի շնորհիվ այլևս ծրագրավորման կարիք չկա, այդտեղ անընդհատ կարելի է տվյալ ապրանքի տարբեր բնութագրիչները որոշել ավտոմատ կերպով, մինչդեռ ծրագրավորողը որևէ նոր բնութագրիչ վերլուծելու համար ստիպված է նորից ծրագրավորել:

«Սովորաբար որևէ նոր ապրանք առաջարկելուց և շուկա ներմուծելուց առաջ անպայման փորձարկում են այն (ապրանքի գինը, դիզայնը, և այլն)` հասկանալու համար, թե իրականում ինչ է սպասում օգտվողը տվյալ ընկերությունից: Մեր ստեղծած հարթակը ձեր առաջարկների տարբեր տարբերակները փոքր կամ մեծ խմբերի վրա փորձարկելու հնարավորություն է տալիս, իսկ արդյունքում դուք կարող եք հասկանալ, թե ո՞րն է, տվյալ դեպքում, Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակը,- ասաց Ա.Վարդանյանը`ավելացնելով, որ այս կերպ մաքսիմալ հեշտացրել են փորձարկման գործընթացը,- Դրա համար ընդամենը անհրաժեշտ է ինտեգրել ձեր տվյալները, և վերջ… Բացի այդ, նոր փորձարկման հարթակը հնարավորություն կտա փորձարկել տարբեր հատկությունները և օգնել որոշում կայացնելու հարցում՝ անհատական տվյալների հիման վրա»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ Ա. Վարդանյանի` Forkize-ը լայն հեռանկարներ ունի, քանի որ լայն թափով զարգանում է ինտերնետն ու ինտերնետային միջավայրում բիզնես գործունեության ծավալները: Այսպես, օրինակ` Facebook-ում տարբեր խաղեր խաղացողների թիվն աշխարհում մոտենում է 250 միլիոնի, իսկ Android հավելվածների թիվն ամբողջ աշխարհում մոտ է 9 միլիոնի, և այլն: Իսկ այս բոլոր ընկերություններն ու անհատները, ըստ մեր զրուցակցի`անպայման ցանկություն են ունենալու փորձարկել որևէ բան (գներ, զեղչեր, ծանուցումների պարբերականություն, և այլն)`որևէ որոշում կայացնելուց առաջ, ուստի նրանք արդեն իրենց պոտենցիալ հաճախորդն են դառնալու:

Կարդացեք նաև

Տեղեկացնենք, որ այս օրերին Forkize նախագծի հիմնադիրները գտնվում են Ստամբուլում, որտեղ և ներկայացնում են իրենց նախագիծը`նոյեմբերի 6-7-ը Թուրքիայում ընթացող Webit Congress-ի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս