Իրանը հաստատել է, որ Յուկիա Ամանոն ժամանելու է Թեհրան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն իրանական պատվիրակությունը ներկայացնում է Ժնևում «Վեցյակի» հետ բանակցություններում, հաստատել է, որ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն այցելելու է Իրան:

Զարիֆի խոսքերով՝ Ամանոն Թեհրան է այցելում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու և համաձայնության հասնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամանոն Իրան այցելելու հրավեր է ստացել Թեհրանից: Ենթադրվում է, որ Ամանոն Թեհրան կժամանի նոյեմբերի 10-ին, և դրա հաջորդ օրը քննարկելու է Իրանի միջուկային ծրագիրը:

Ակնկալվում է, որ քննարկումները հիմնականում ծավալվելու են Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու շուրջ, ինչը մասնավորապես վերաբերում է Իրանի մայրաքաղաքից 30 կիլոմետր դեպի հարավ-արևելք ընկած «Փարչին» ռազմաբազային:

Տեսանյութեր

Լրահոս