ՀՅԴ-ականները ուրախ են Իշխան Զաքարյանի համար

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանը հանդիպեց ՀՅԴ խմբակցության հետ: 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, թե իրենք Իշխան Զաքարյանին հարցեր չեն ուղղել, լսել են վերջինիս մոտեցումները, որովհետև ծանոթ են նրա աշխատանքին:

«Ըստ կանոնակագի նախատեսված է, որ թեկնածուն պետք է հանդիպի բոլոր խմբակցությունների հետ։ Թեև մենք Իշխան Զաքարյանին ճանաչում ենք, հատուկ հանդիպման կարիք չկար, բայց քանի որ արարողակարգը պահանջում էր՝ հանդիպեցինք: Մենք ասացինք, որ ուրախ ենք իր համար, որ նախագահը նորից վստահել է իրեն այդ գործը: Լսեցինք իր մոտեցումները, որոշ հարցեր քննարկեցինք՝ կապված ՎՊ օրենքի հետ, և հաջողություն մաղթեցինք պարոն Զաքարյանին՝ համոզված լինելով, որ քաղաքական մեծամասնությունը աշխատելու հնարավորություն Զաքարյանին միաձայն տալու է: Ինչպես ասացի, նա ներկայացրեց իր մոտեցումները, լսեցինք: Գիտեք՝ շատ վարժ է խոսում: Մենք հիմնականում լսել ենք իրեն, հարց տալու կարիք չունեինք, իրեն անձամբ ճանաչում էինք, իր աշխատանքը տեսել ենք»,- շեշտեց Աղվան Վարդանյանը:

Մեր դիտարկմանը, թե կարծես դրական եք տրամադրված Իշխան Զաքարյանի նկատմամբ, ՀՅԴ խմբակցության ղեկավրը պատասխանեց. «Իմ տրամադրվածությունը որևէ կերպ չեք կարող գուշակել: Ես ասացի, որ մենք ուրախ ենք իր համար, որ նախագահը նորից վստահել է իրեն ՎՊ նախագահի պաշտոնը»: Հիշեցնելով Սերժ Սարգսյանի խիստ գնահատականը ՎՊ նախագահի բացահայտումների առնչությամբ՝ հարցրինք, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կրկին վերաառաջադրեց նրան այդ պաշտոնում: «Այդ հարցը պետք է տալ հանրապետության նախագահին, քաղաքական մեծամասնությանը, որովհետև իրենք են կայացնում որոշումը»,- պատասխանեց Ա. Վարդանյանը: Հարցին, թե նման խիստ գնահատականներից հետո Իշխան Զաքարյանը նոր բացահայտումներով հանդես կգա՞, Աղվան Վարդանյանն այսպես արձագանքեց. «Դա էլ պետք է ասեք Իշխան Զաքարյանին: Կա ՎՊ մասին օրենք, որը հնարավորություն է տալիս իր աշխատանքները լիարժեք կատարել, իսկ իրենց ներքին խնդիրները մեզ քիչ են հետաքրքրում»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, ապա Աղվան Վարդանյանն ասաց, թե իրենք երկուշաբթի խմբակցության նիստ կհրավիրեն և կկայացնեն վերջնական որոշում՝ կո՞ղմ են քվեարկելու թեկնածությանը, թե՞ դեմ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս