ԱՄՆ կոնգրեսը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի հանդեպ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Սենատի անդամները մտադիր են Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների ավարտից հետո ձեռնամուխ լինել Իրանի հանդեպ պատժամիջոցների նոր փաթեթի դիտարկմանը:

Այս մասին հայտարարել է Սենատի՝ բանկերի գծով հանձնաժողովի նախագահ Թիմ Ջոնսոնը: Վերջինիս խոսքերով՝ Կոնգրեսի վերին պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը հավանության է արժանացրել համապատասխան օրինագիծը բանկերի հանձնաժողովի կողմից դիտարկման դնելը:

Հաջորդ քայլը կարող է դառնալ Սենատի լիագումար նիստում դրա քվեարկության դրվելը: Օբամայի վարչակազմը վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն Կոնգրեսին կոչ է արել նոր միակողմանի պատժամիջոցներ չսահմանել Իրանի հանդեպ:

Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների խստացման մասին օրինագիծն ավելի վաղ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, որում մեծամասնություն են կազմում հանրապետականները:

Դրանով նախատեսվում է նոր սահմանափակումներ սահմանել իրանական նավթի ներկրման վրա և որպես նպատակ հռչակել մինչև 2015 թվականը համաշխարհային շուկաներն իրանական նավթից ամբողջովին մաքրելը:

Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը մեկնարկել է երեկ և ավարտվելու է այսօր:

Տեսանյութեր

Լրահոս