Թուրքիայի համար լեգիտիմ է միայն Սիրիական ազատ բանակը. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ֆինլանդիա կատարած այցից հետո մեկնել է Շվեդիա, ուր և հանդիպել է այդ երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների զարգացման և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերը:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «չի աջակցում» «Ալ-Քաիդայի» սիրիական թևին և արմատական իսլամական այլ խմբավորումների (Ջաբհաթ ալ-Նուսրա).
«Թուրքիան տարբերություն չի դնում ահաբեկչական կազմակերպությունների միջև և մշտապես պայքարելու է ահաբեկչության դեմ: Թուրքիայի համար լեգիտիմ է համարվում միայն Սիրիական ազատ բանակը, ինչպես նաև Սիրիական ազգային դաշինքը, որոնք ճանաչված են միջազգային հանրության կողմից»:
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է 2 միլիարդ դոլար, և որ միջազգային հանրությունն այդ հարցում օգնել է միայն 135 միլիոն դոլարով, որից 50 միլիոն դոլարը տրամադրել է Սաուդյան Արաբիան, իսկ 35 միլիոն դոլարը՝ ՄԱԿ-ը: