Հայերի հարցում Ադրբեջանին համոզելու դեպքում կարող ենք անակնկալ մատուցել. Դավութօղլու
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի՝ արտաքին կապերի հանձնաժողովի նիստում անդրադարձել է նաև Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչ, Իգդիրից ընտրված պատգամավոր Սինան Օղանը, ուշադրություն հրավիրելով Հայաստանի հետ սահմանային անցակետում և երկաթուղու վրա որոշակի աշխատանքներ իրականացվելու վրա, Դավութօղլուին հարց է ուղել, թե արդյոք դա վկայո՞ւմ է հայ-թուրքական սահմանը բացելու նախապատրաստության մասին:
Ի պատասխան՝ Դավութօղլուն հաստատել է նման աշխատանքների ընթացքը. «Մենք կատարում ենք այդպիսի աշխատանքներ, եթե կարողանանք համոզել Ադրբեջանին, ապա կարող ենք անակնկալ մատուցել: 2015 թվականի (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից) հետ կապված առավելագույնս շարունակվում են մեր աշխատանքները:
Մեր պահանջը կայանում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերելում: Մենք առաջընթաց ենք ակնկալում այդ հարցում: Եթե դա տեղի ունենա, ապա կբացվի թե՛ սահմանը, թե՛ երկաթուղին, թե՛ մեծապես կզարգանան հարաբերությունները: Սակայն բնականաբանար դա ցանկանում ենք անել Ադրբեջանի հետ»:
Դավութօղլուն հավելել է, որ մոտ ժամանակներս մեկնելու է Ադրբեջան:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ 44 տարի անց վերանորոգվում է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանի Չաթաք գյուղի և Հայաստանին սահմանակից Աքյաքայա շրջանի միջև ընկած երկաթուղին, որի երկարությունը կազմում է 112 կիլոմետր: