Ինչու է Շանթ Հարությունյանը հրաժարվում փաստաբանից
Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, NEWS.am-ին ասել է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից:
«Երեկվա կատարվածը ծրագրավորված էր իշխանությունների կողմից: Սա քաղաքական գործ է, ոչ թե քրեական։ Նա խուլիգանություն չի արել, որ փաստաբանի ծառայությունից օգտվի»,- ասել է Ռուզաննան:
Նրա խոսքով՝ Շանթը լուրջ ծրագրեր է ունեցել, երկրում արժեքային լուրջ փոփոխություններ է ցանկացել անել. «Շանթը առողջ մտածելակերպ ունի, հասկանում է, որ երկիրը կործանման է գնում»:
Ավելի վաղ Ռուզաննա Բադալյանն ասել էր. «Սոցիալական խնդիրները ամենաքիչն են Շանթին հետաքրքրել։ Սոցիալական խնդիրների համար չէ, որ նա այս ամենն արել է։ Նրա խնդիրն է՝ երկրում կարգ ու կանոն հաստատել և բազմիցս է ասել, որ բռնապետությունը վերացնելու խնդիր կա, որ, այսպես կոչված, ընդդիմությունները տարբեր ձևերով փորձել են դա անել՝ չգիտեմ ինչ մեթոդներով, հիմա ինքն էլ, քանի որ ասում էր՝ իմ կյանքն անիմաստ է այսպես ապրելով, ավելի լավ է պայքարել, հույս ուներ, հավատ ուներ, որ հնարավոր է խաղաղ ճանապարհով ինչ-որ ժամանակ երթեր անի։ Մահակներով զինված են եղել, բայց գժտությունների նպատակ չի եղել, ուղղակի ինքնապաշտպանության միջոց է եղել իր համար։ Չգիտեմ մնացածը։ Ես մանրամասներ չեմ կարող ասել, որովհետև ինքս տեղյակ չեմ եղել՝ իրենք ինչ նպատակ ունեն։ Միայն մի բան գիտեմ, որ ուզում էր խաղաղ ճանապարհով մեծ զանգվածներ հավաքել ու հեղափոխություն անել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: