Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», – ասել է վարչապետ Սարգսյանը:
«Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի մեծ պատվիրակությամբ: Դա պայմանավորված է Մաքսային միության անդամ-երկրների նախագահների ընդունած որոշման իրագործման անհրաժեշտությամբ, որը վերաբերում է Հայաստանի՝ ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին միանալու գործընթացն սկսելուն», – իր հերթին նշել է Վիկտոր Խրիստենկոն:
Հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները: Մասնավորապես, արծարծվել են տեխնիկական, սանիտարական, բուսասանիտարական կանոնակարգման, սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կողմերն ամրագրել են ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը:
Այնուհետև ստորագրվել է Փոխգործակցության խորացման մասին հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը: