Ո՞վ է ասում, որ Հայաստանի վարկանիշն ընկել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը համոզված է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք համաժողովին Հայաստանը «լուրջ» փաստաթուղթ է ստորագրելու: 168.am-ի հետ զրույցում, ի պատասխան այն հարցին, թե չե՞ք կարծում, որ Եվրոպան այդքան էլ շահագրգռված չէ Հայաստանի հետ «լուրջ» փաստաթուղթ ստորագրել, ՀՀԿ-ական պատագամավորը պատասխանեց. «Երբ ես իրենց հայտարարությունները կարդում եմ, գտնում եմ, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ շարունակելու գործընթացը եվրոպական կառույցների հետ»:

Հարցին, թե հուշագիրը, որը պատրաստվում է Հայաստանը ստորագրել, լո՞ւրջ փաստաթուղթ է, Հ. Հարությունյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, ես ինքս մասնագետ չեմ, բայց եթե ստորագրվելու է, դրանց հետևելու են նոր փաստաթղթերի ստորագրում»:

Մեր այն հարցին, թե չե՞ք կարծում, որ Հայաստանի վարկանիշն ընկել է, Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում: Դա շատ պատասխանատու հարց է, որ ես ասեմ… ո՞վ է նման բան ասում… ես պետք է գնամ Եվրամիություն, էնտեղ հարցնեմ, տեսնեմ ընկել ա՞, թե՞ չի ընկել: Բայց ես համոզված եմ, որ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակվելու են, ապացուցվելու է, որ Հայաստանի վարկանիշը չի ընկել»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Հայաստանի համար սկզբունքային է դարձել Վիլնյուսում որևէ փաստաթուղթ ստորագրելու հարցը, և, ինչպես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է ասում, եթե նույնիսկ այն պարունակի «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ» բովանդակությունը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես չեմ կարծում այդպես: Ու ընդհանրապես ես Նաիրա Զոհրաբյանի ասածները չեմ էլ ուզում մեկնաբանեմ: Այդպես էժանացնել գաղափարը՝ սխալ է, մենք ստորագրում ենք և Եվրամիության, և Ռուսաստանի, և մնացած բոլոր պետությունների հետ շատ լուրջ փաստաթղթեր: Ամանորյա բացիկի պատմությունը թողնում եմ Զոհրաբյանի խղճի վրա, նման բան է ասում որպես ո՞վ, որպես ի՞նչ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս