Բաժիններ՝

«Երեխաներիս հանձնել եմ Աստծուն»… երեխաները օգնության կարիք ունեն (տեսանյութ)

«Երեխաներիս հանձնել եմ Աստծուն, ես հավատում ու վստահում եմ, որ նրանք կփրկվեն, հավատում եմ, որ կկատարվի իմ երկար սպասված հրաշքը, հավատում եմ, որ էլ որդիս չի ասի՝ գլուխս ցավում է, էլ չեն կապտի աղջկաս ոտքերը… ես գիտեմ ու հավատում եմ…»:

galatv.am-ի փոխանմամբ` այս խոսքերը գյումրեցի երիտասարդ մայր Քրիստինե Մանուկյանի խոսքերն են, ով ընդամենը մի քանի տարի առաջ է ճաշակել մայրության բերկրանքը ու տառապում է իր զույգ զավակների հիվանդություններից: Գյումրու Մուշ 2 թաղամասի 38 շենքում ապրող Ղուկասյանների ընտանիքի երկու անչափահաս երեխաները տառապում են ծանր հիվանդությամբ եւ շտապ բուժման կարիք ունեն: 2006 թվականին ծնված Հովհաննես Ղուկասյանին շտապ անհրաժեշտ է գլխի վիրահատություն: Իսկ Հովհաննեսի քրոջ՝ Մարիամ Պողոսյանի մոտ բժիշկներն արյան մազանոթների խնդիր են հայտնաբերել: Երեխաները բուժման կարիք ունեն, դիմել են բարի կամքի տեր մարդկանց աջակցությանը, սակայն արձագանքողները քիչ են:

Քրիստինե Մանուկյանը պատմում է, որ որդու մոտ խնդիրներ են ի հայտ եկել 3 տարի առաջ, երբ տեղի ունեցած ավտովթարից հետո Հովհաննեսն անընդհատ դժգոհել է գլխացավերից եւ այտուցվել են աչքերը: Նրա գլխում հայտնաբերվել է գոյացություն, որը դեռ երեք տարի առաջ փոքր չափերի է եղել, վերջերս մայրաքաղաքային բժշկական կենտրոններից մեկում անցած ստուգումները սակայն անհանգստացնող արդյունքներ են արձանագրել, փոքրիկ Հովհաննեսի կյանքին վտանգ է սպառնում:

«Ամուսինս ավարիա տվեց, երեխան մեքենայի մեջ էր: Հետո պարզվեց, որ գլխում ուռուցք է առաջացել, մեծանում է ուռուցքը, դրա համար վտանգավոր է: Հովհաննեսին բուժում է անհրաժեշտ, վիրահատություն Գերմանիայում:

Եթե հովանավոր լինի, կտանենք վիրահատության: Դիմել ենք բարի մարդկանց, հույսս ոչ մի բանից չեմ կտրում, երեխաներիս էլ տվել եմ Աստծուն: Անընդհատ զանգահարում են, բանկային հաշվեհամար կա բացված, բայց փոխանցումները շատ քիչ են եղել: Յոթ հազար դոլար է անհրաժեշտ միայն Հովհաննեսին վիրահատելու համար»:

Տեղի բժիշկ-մասնագետները Ղուկասյաններին զգուշացրել են, որ երեխային շտապ վիրահատություն է հարկավոր, առկա գոյացությունը հեռացնելու դեպքում հնարավոր է հրաշք տեղի ունենա:

Առողջական այդ խնդիրների պատճառով փոքրիկ Հովհաննեսը նաեվ նորմալ խոսել չի կարողանում, մեզ հետ զրույցում նա ընդամենը մի քանի բառ արտաբերեց եւ այդպես էլ չկարողացանք հասկանալ՝ ինչ է ուզում ասել: Հովհաննեսի քրոջ` փոքրիկ Մարիամի մոտ եւս առողջական խնդիրներ կան, դրանք ի հայտ են եկել երկու ամիս առաջ, երբ ոտքերը կապտել են, ջերմությունը կտրուկ բարձրացել է, եւ նա գիտակցությունը կորցրել է:

«Աղջկաս խնդիրը մազանոթների հետ է, նա ուժեղ փորի ցավեր էր ունենում, բայց չէինք հասկանում՝ ինչից է: Հետո ոտքերը սկսեցին ուռել, կապտել, եւ ջերմությունը բարձրանում էր, անգամ քայլել չէր կարողանում: Աղջկաս մի երկու ամիս առաջ ստիպված տեղափոխեցինք հիվանդանոց՝ Գյումրու մանկական ավստրիական կենտրոն»:

Մայրն ասում է, որ հարեւանների ֆինանսական աջակցությամբ հնարավոր է դարձել փոքրիկի բուժումը հիվանդանոցում մասամբ կազմակերպել, հիմա սակայն հնարավորություն չունեն անհրաժեշտ դեղորայք գնելու համար: Երեխաների հայրը ՌԴ-ում է, աշխատանք չունի, այնտեղից վերադառնալու հնարավորություն եւս:

«Ամուսինս ոչ մի կոպեկ չի ուղարկում, ասում է՝ գործ չունի, վերադառնալու փող էլ չունի, ես չգիտեմ` ինչ անեմ,այս հիվանդ երեխաներին ինչպես պահեմ, նրանց հատուկ դիետա է անհրաժեշտ, դեղորայք: Ես էլ աշխատանք չունեմ, վճարովի դաշտերում եմ աշխատում՝ քաղհան եմ անում, ճակնդեղ եմ քանդում եւ նպաստ ենք ստանում, որով գոյատեւում ենք, ուղղակի գոյատեւում…»:

Մենք նաեւ ականատես եղանք, թե ինչպես էր փոքրիկ Մարիամը հուզված մորը սփոփում` ասելով, որ վարսահարդար է դառնալու, որ գումար աշխատի ու մորը օգնի:

«Երբ բուժվեմ, լավանամ, դառնալու եմ վարսավիր, շատ եմ ուզում»,-ասաց նա:

Երեխաների առողջական խնդիրները լուծելու համար հարազատները բանկում հաշվեհամար են բացել, սակայն արձագանքները շատ քիչ են` նշում է երեխաների մայրը: Դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակին, թե նման դեպքերում ինչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը: Ըստ խոսնակի` եթե երեխայի բուժումը կազմակերպվում է ԱՊՀ երկրներից որեւէ մեկում, ապա նախարարությունը հոգում է ճանապարհածախսը, սակայն մյուս երկրների պարագայում հնարավորություն չունի որեւէ կերպ աջակցելու: Այնուամենայնիվ, ընտանիքում հավատացած են, որ իրենց աջակցողներ կգտնվեն:

«Ես հավատում եմ, որ Աստված մի դուռ կբացի, հրաշք կկատարվի ու իմ հրաշքները կառողջանան»,-ասում է Ք. Մանուկյանը:

Հարգելի ընթերցողներ, տեղեկացնենք, որ բալիկների կյանքը փրկելու համար կարելի է գումար փոխանցել ՅՈՒՆԻԲԱՆԿԻ հետևյալ հաշվեհամարներին (ստացող՝ Աննա Պողոսյան)․

24103005682400 AMD

24103005682401 RUR

24103005682402 USD

Ընտանիքին այլ օժանդակության համար կարող եք զանգահարել երեխաների ծնողների հեռախոսահամարին` 077-94-53-24:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս