Վրաստանը Հայաստանին հետ կվերադարձնի 470 տոննա վարակված կարտոֆիլ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանը Հայաստանին հետ կվերադարձնի նրանից ներկրած 470.070 կիլոգրամ կարտոֆիլը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ «Սադախլո» մաքսային անցակետում բեռան նախնական զննման ժամանակ ի հայտ են եկել վնասակար միկրոօրգանիզմներով կարտոֆիլի վարակվածության նշաններ: Խոսքը գնում է Ralstonia solanacearum (փտախտ, նեխուկ) և Synchytrium endobioticum (Schilb) Perc (կարտոֆիլային քաղցկեղ) վնասակար միկրոօրգանիզմների մասին:

Կարտոֆիլի վարակված լինելը հաստատելու համար նմուշներ են ուղարկվել հատուկ լաբորատորիա, ուր և հաստատվել է դա: Պարզվել է, որ ներկրված ողջ կարտոֆիլից 114.500 կիլոգրամը վարակված է եղել  Ralstonia solanacearum-ով, իսկ մնացյալ 356.200 կիլոգրամը՝ Schilb Perc-ով:

Վրաստանի կառավարության հրահանգով վարակված բեռը հետ կվերադարձվի արտահանող երկրին (Հայաստանին): Վարակված կարտոֆիլը Հայաստանից Վրաստան է բերվել հոկտեմբերի 27-31-ին՝ 20 բեռնատարով:

Տեսանյութեր

Լրահոս