Սիրիայի տարածքին հարվածել է ոչ թե իսրայելական, այլ՝ թուրքական ավիացիան. լիբանանյան մամուլ
Լիբանանյան MTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիային հասցված վերջին ավիահարվածի հարցում լիովին հնարավոր է, որ իներցիայով մեղադրեն Իսրայելին՝ թեև բոլոր կողմերը լռություն են պահպանում: Լաթաքիա նավահանգստի շրջանում սիրիական ՀՕՊ-ի բազային ավիահարված են հասցրել ոչ թե Իսրայելի, այլ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը:
Երուսաղեմում եղած աղբյուրը հայտնել է, որ դրանով իսկ Թուրքիան վրեժխնդիր է եղել Սիրիայից՝ նախորդ տարվա հունիսի 22-ին այդ բազայի տարածքից Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչը կործանելու համար:
Լիբանանյան հեռուստաալիքը նաև հայտնել է, որ օդից հասցված հարվածի հետևանքով ոչնչացվել է C-125 «Պեչորա» համակարգը (NATO-ի դասակարգմամբ՝ SA-3 Goa): Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Բարաք Օբամայի վարչակազմում իր աղբյուրը, հայտնել է, որ Լաթաքիայի արվարձանին հարվածել է իսրայելական ավիացիան, որի թիրախում է եղել տեղի ռազմաբազան:
Al-Arabiya հեռուստաալիքը նույնպես հայտնել է, որ նախօրեին իսրայելական ինքնաթիռները Սիրիայի տարածքում հարվածել են երկու վայրի, որոնցից մեկը՝ Լաթաքիայում, իսկ մյուսը՝ Դամասկոսի մերձակայքում:
Տվյալ դեպքում ոչնչացվել է «երկիր-օդ» դասի հրթիռներով բեռնված բեռնատարների շարասյունը, որոնք նախատեսված են եղել լիբանանյան «Հզբոլլահ» շարժման համար: Պաշտոնական Դամասկոսը հերքել է իր տարածքին հարված հասցվելը: