«Լևոնի հերթական բլեֆը»` ըստ ՀՀԿ-ական պատգամավորի
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի գնահատմամբ, «Լևոնի հերթական բլեֆն է»: Մի քանի լրագրողների հետ զրույցում Համլետ Հարությունյանն ասաց. «Մնում-մնում ա, մի հատ մեր ժամանակներին ոչ հարիր ինչ-որ բաներ ա մոգոնում և ասում։ Ես, օրինակ, իրա էդ գրվածքից բան չհասկացա, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա»:
Հիշեցնենք` առաջին նախագահը կարծիք էր հայտնել, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն անխուսափելի է: Համլետ Հարությունյանը շեշտեց, որ «Սերժ Սարգսյանի էպոխան, բոլոր նախագահներից ամենավստահն է», որովհետև, ըստ նրա, նախագահը վայելում է և իր կուսակցության հովանավորությունն ու վստահությունը և ընդհանրապես ներքին և արտաքին միջավայրում ունի իր ձեռագիրը. «Համ էլ նա գնում է հաստատուն քայլերով, և եթե ինչ-որ բաներ էլ էն չի, դա իրենից կախված չէ, դրանք միջազգային հարաբերություններ են, որտեղ` ուզում է Սերժ Սարգսյանը լինի, ով ուզում է լինի, կլինի այնպես, ինչպես նրանք ուզում են, որովհետև նրանք իրենց քաղաքականությունն են վարում, մենք՝ մերը»:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում առաջին նախագահի կարծիքը, թե «ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին», ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե իր համար դատապարտելի է Լ․Տեր-Պետրոսյանի «այդ տոնը»։ Նրա խոսքով՝ եթե Սերժ Սարգսյանը նման հայտարարությամբ հանդես գար Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, ապա, ըստ նրա, սարսափելի փաստերով կգրեր։ «Այն, ինչի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին, դրա հիմնադիրն ինքն ա։ Ինչի մեջ մեղադրում ա, էդ կետերը կարելի ա ավելի ընդարձակ՝ անուն-ազգանուններով, փաստերով ապացուցել, որ դրա հիմնադիրն ինքն է»,- ընդգծեց Հ․Հարությունյանն՝ ավելացնելով, որ էթիկայի տեսանկյունից սիրուն չէ, երբ նախկին նախագահն ինչ-որ բաներ է ասում գործող նախագահի հասցեին։
Ինչ վերաբերում է առաջին նախագահի տեսակետին, որ Սերժ Սարգսյանի իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար՝ Հ․Հարությունյանն ասաց, որ նման պոպուլիստական և ծիծաղելի հայտարարություն կարող է անել մարդ, ով կտրված է իրավիճակից և վիրտուալ է նայում աշխարհին։ «Ես ինքս կանգնած եմ եղել արցախյան շարժման ակունքներում և Սերժ Սարգսյանի նման Արցախի ճակատագրով մտահոգված անձնավորություն քիչ եմ ճանաչում՝ մանավանդ, որ նա իր կյանքով ապացուցել է դա»,- ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ գուցե Սերժ Սարգսյանին չի հաջողվում հասնել այն հաջողություններին, ինչը մենք ենք ուզում, ինչին ձգտում ենք, բայց դրանում մեղավոր չէ ոչ Լ․Տեր-Պետրոսյանը, ոչ Ռ․Քոչարյանը և ոչ էլ Ս․Սարգսյանը:
Համլետ Հարությունյանը հորդորեց գնահատել նախագահի կատարած աշխատանքը, նշեց, որ Ս. Սարգսյանը կարողանում է այս ծանր իրավիճակում դիմագրավել առկա վտանգներին, ապա ավելացրեց. «Օրինակ, ես հարց եմ տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, որպեսզի արգելի Ադրբեջանի դիպուկահարներին կրակել խաղաղ բնակչության վրա։ Էս հարցին ո՞վ կարող է պատասխանել»։