Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակչի որոնման աշխատանքները շարունակվել են ուղղաթիռով
Այսօր, ժամը 16.00-ին ՀՀ ԱԻ նախարարության փրկարարական ջոկատը` Արագածոտնի մարզի Ավան համայնքի ղեկավար Գ. Գալստյանի ուղեկցությամբ, Պաշտպանության նախարարության ուղղաթիռով ԱԻ նախարարության վարչական շենքի հրապարակից մեկնել է Արագածոտնի մարզ` վերսկսելու Յուրա Մարտիրոսյանի որոնողափրկարարական աշխատանքները, հայտնում են ԱԻ նախարարությունից:
ԱԻ նախարարության որոնողափրկարարական թիմում ընգրկված են եղել ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Շ. Շամիրյանը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարար: Ուղղաթիռը բեռնված է եղել հատուկ որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված սարքերով ու պարագաներով` հեռադիտակներ, պարաններ, պատգարակներ և այլն:
Ուղղաթիռով զննվել են անհայտ կորածի գտնվելու հավանական բոլոր վայրերը` գյուղի տարածքը, շրջակա արոտավայրերն ու սարերը։ Սակայն որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ, 1966 թ. ծնված Յուրա Մարտիրոսյանը գնացել է գյուղի հարակից արոտավայր և չի վերադարձել: Մի քանի օր շարունակ իրականացվել են որոնողական աշխատանքներ: