Հասմիկ Պողոսյանը՝ Հանրապետության հրապարակի մասին. Լենինի արձանը քաղաքական էր, այսպես էր, այնպես էր, բայց իր պատվանդանով, լուծումներով հանճարեղ գործ էր
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթի համար ներկայացված նախագծերին, ասաց, թե որևէ տեսակետ հայտնել չի կարող, որովհետև ծանոթ չէ դրանց: «Գիտեք, ճիշտն ասած, ես ծանոթ չեմ որևէ նախագծի դեռևս, դրա համար որևէ բան ասել չեմ կարող, որովհետև չեմ ուզում օր առաջ ասել: Դա կարող է լավ լինի, թե վատ, կարող է օրերից մի օր իսկապես շատ հետաքրքիր լինի նախագիծը, կարող է վատ լինի, ցավոք սրտի, դեռևս չեմ ծանոթացել, բայց անպայման պատրաստվում եմ մյուս շաբաթվա սկզբին ուղղակի ծանոթանալ, տեսնել՝ արդյոք ինձ՝ որպես քաղաքացու առաջին հերթին դուր կգա՞ այդ նախագծերից որևէ մեկը, թե՞ չէ: Եթե դուք ծանոթ եք այդ նախագծին, կարող եք ինձ ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարը:
Հարցին, թե Հանրապետության հրապարակի այսօրվա տեսքը Ձեզ գոհացնո՞ւմ է, Հասմիկ Պողոսյանն ասաց. «Գիտեք, անկեղծ կարող եմ ասել մի բան. քանի որ մենք ունեցել ենք հրապարակի հին տեսքը՝ արձանով, և ունենք հրապարակ, որը դատարկ է, իմ կարծիքով՝ արձանն այն ժամանակ ինչ-որ չափով, դա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ ֆիքսեք, որովհետև դա ոչ մեկի ուսումնամեթոդական, մասնագիտական կարծիքը չի, իմ անձնական կարծիքն է, որ ինչ-որ դատարկություն, այսինքն՝ ոչ թե դատարկություն, այլ ավարտվելու մի տարր ուզում է, բայց ասում եմ՝ Լենինի արձանը քաղաքական էր, այսպես էր, այնպես էր, բայց իր պատվանդանով, լուծումներով հանճարեղ գործ էր: Այսինքն՝ Մերկուրովի այդ գլուխգործոցն իսկապես արվեստի գործ էր, որ մենք հաճախ ընկալում էինք որպես լրացում, որպես հոյակերտ ճարտարապետական լուծման… ես կարծում եմ՝ միշտ այդ փորձերը լավ են, այս է խնդիրը»: