Արամ Սարգսյան. Հանրահավաք՝ հանուն հանրահավաքի, անիմաստ է
«ՀՀ-ում վերջին ժամանակների բոլոր ընտրություններում գործել է համակագ, որը ղեկավարվել է Մոսկվայից»,- այսօր ՀՀՇ հիմնադիր համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Որպես ապացույց նա հիշեցրեց. «Սրա վկայությունն է, թե 2003թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր երկրորդ ուժը հանդիսացող ուժի երկրորդ փուլին ժողովրդական շարժմանը չմիանալու, թե 2008-ից հետո երկրորդ ուժին չմիանալու, ապա իշխանության հետ կոալիցիա կազմելը: Ինձ համար ակնհայտ է, որ այս ուժերին իրար մեջ համերաշխեցնում և ուղղորդում է ռուսական քաղաքական ուժը, որը համակագված է գործում ՀՀ-ում գործող իրական ժողովրդավարական, ընդդիմադիր ուժերի դեմ»:
Արամ Սարգսյանի խոսքով՝ միայն նոր ձևավորված համակարգը կարող է մրցակցել գործող համակարգի հետ և ոչ թե հանրահավաքներ կազմակերպելը. «Սեպտեմբերի 21-ի հանրահավաքով չէ, և ընդհանրապես հանրահավաքով չէ հարցը լուծվում. գործընթացը, որը պետք է կազմակերպես, պետք է ռեալ արդյունք ունենա: Հանրահավաք՝ հանուն հանրահավաքի, անիմաստ է: Մարդն, ով գալիս է հանրահավաքի, հստակ տարբերվում է թերթ կարդացող կամ ինտերնետում նստած մարդուց: Նա գալիս է հրապարակ և ասում է՝ ասեք՝ ի՞նչ եք անելու, որ ես էլ դրան մասնակցեմ: Դու պիտի պատրաստես անելիքդ, որ ունենաս արդյունք»:
Հարցին, թե Դուք պատրաստում եք Ձեր անելիք, նա պատասխանեց. «Անելիքը միայն ես չեմ պատրաստում: Տեսաք, որ քաղաքական դաշտում կան շատ կուսակցություններ, ուժեր, որոնք ՀՀ ապագան տեսնում են ազատ, անկախ՝ չցանկանալով որոշումները կայացնել այս կան այն պետության ազդեցության տակ, և այս ուժերը միասնական է, որ պետք է որոշեն ապագա քայլերը»:
Նա նշեց, թե հնարավոր է համարում լիբերալ ուժերի միավորումը, ապա շեշտեց, որ ինքն ամեն ինչ անում է, որ այդ միասնականությունը իրականություն դառնա: «Մենք սկսում ենք լիբերալ ուժերի հետ խորհրդակցություններ, ովքեր ՀՀ անկախությունը համարում են գերակա արժեք»,- հավելեց նա: Ըստ նրա՝ Հայաստանում ապրող բնակչության թվից միայն 131-ն են ներկայացված խորհրդարանում, իսկ մնացածը «մնում են փողոցում» և ինքն էլ գերադասում է նրանց հետ մնալ փողոցում: