Ագրարային համալսարանում կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձը՝ դատարանում
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ 2013թ. հեռակա ուսուցման ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արամ Մուրադյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա ծրագրել է դիմորդ Երանուհի Բադալյանի վստահությունը չարաշահելու միջոցով ընդունելության հարցը լուծելու համար կաշառք ստանալու պատրվակով, նրանից ստանալ խոշոր չափերով գումար և հափշտակել այն: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված համառոտ մեղադրական եզրակացության՝ դիմորդի սեփական ուժերով ընդունվելու դեպքում` մեղադրյալը դա պետք է ներկայացներ որպես իր միջամտության արդյունք, իսկ հակառակ դեպքում` պատճառաբանելով, որ չի ստացվել, վերադարձնել գումարը: Մեղադրյալն, ըստ մեղադրական եզրակացության, որևէ լիազորություններ և հնարավորություններ չի ունեցել՝ դիմորդի կողմից հանձնվող քննությունների դրական գնահատականներ ապահովելու և ընդունելության հարցում օգնելու համար: Նա ծրագրել է վերը նկարագրվածը՝ նախապես տեղեկանալով, որ դիմորդը վճարունակ է, ծնողներն ու եղբայրը բնակվում ու աշխատում են Գերմանիայում:
Արամ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ խոշոր չափերով խարդախության փորձ, և 34-178-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետով՝ կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին: