Հովիկ Աբրահամյանը փորձում է մրցապայքարից հանել ԲՀԿ-ի թեկնածուին
«Հրապարակը» գրում է. Չի բացառվում, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանն ինքնաբացարկ հայտարարի։ «Հրապարակ» թերթի ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հարցով զբաղվում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա փորձում է համոզել խնամի Ծառուկյանին՝ հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից։ Բանն այն է, որ այս տարածաշրջանի ոստիկանապետը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է՝ Արսեն Աբրահամյանը, եւ եթե քաղաքական որոշում լինի՝ ընտրակաշառք բաժանողներին բռնել-դատելու, ապա վերջինս պետք է գործի, հակառակ դեպքում աշխատանքից կարող է թռչել, քանի որ Վովա Գասպարյանն խստիվ զգուշացվել է, որ որեւէ մեկը որեւէ բան «չի բաժանելու»։ Ի դեպ, մեկուկես տարի առաջ Արսեն Աբրահամյանի դուստրն իրենց փողոցում վրաերթի էր ենթարկել հարեւանի երեխային։ «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է մարզում, հանդիպել տեղի իշխանությունների հետ, սակայն թեկնածուի հարցը դեռ բաց է։ Ի վերջո, ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկ հայտնելո՞ւ է՝ թերթը փորձել է ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից։ «Ոչ, չի հայտնելու»։
Այս մասին կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: