Տիգրան Սարգսյանը՝ օֆշորային սկանդալի և Բարսեղ Բեգլարյանի դիրքերն ամրապնդելու մասին

«Գիտեմ, որ մեր հարգարժան վարչապետը կոռուպցիայի մասին մեր կրկնվող հարցերից պարբերաբար հոգնում է,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ապա՝ դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, հետաքրքրվեց,- Կա ևս մի հարց, որից վարչապետն արդարացիորեն շատ հոգնած պետք է լինի, որն անմիջականորեն կապված է մեր պետության միջազգային վարկանիշի հետ: Օֆշորային սկանդալից Ձեր մաքրվելու կես տարվա փորձերը ո՞ւր են հասել»:

Այնուհետև պատգամավորը հարցրեց նաև, թե ՀՀ կառավարության որոշմամբ դիզվառելիք ձեռքբերելու նպատակով հատկացված սուբսիդիան ինչո՞ւ է պարբերաբար տրվել Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությանը: «Ակնհայտ է, որ կառավարության կողմից ապօրինի առավելություններ են տրվել այս ընկերությանը, ինչն էլ հանգեցնում է «Ֆլեշ» ընկերության դիրքերի ապօրինի ամրապնդմանը»,- հավելեց նա:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանը նախ՝ անդրադառնալով օֆշորային պատմությանը, նշեց, թե դրա բացահայտման ամենաշահագրգիռ անձն ինքն է: «Ես հայտարարել եմ, որ որևիցե մեկին չեմ լիազորել, լիազորագիր չեմ տվել, որ իմ անունով օֆշորային ձեռնարկություն բացվի: Որպես վարչապետ ես Կիպրոսում չեմ եղել և չէի կարող գրանցել ձեռնարկություն: Սրանք ապացուցվող փաստեր են, իսկ այն, որ այդ ձեռնարկությունները ցանկացած մարդու անունով կարող են բացվել, ապացուցված է, այդ թվում՝ մեռած մարդիկ կարողանում են ձեռնարկություն գրանցել:

Քաղաքական գործիչներին վարկաբերկելու գործիքների ձևերը բազմազան են, ես հասկանում եմ: Եվ չեմ կարծում, որ դա ճիշտ նպատակ է»,- հավաստիացրեց Տիգրան Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ պատգամավորի երկրորդ հարցին, ապա վարչապետն ասաց, թե՝ նայելով պետբյուջեի գնումների գործընթացը և հաշվետվությունները, ցանկը, թե ովքեր են մրցույթների մասնակցում և հաղթում, կարելի է ասել, որ դրանց 99 տոկոսն իր մերձավոր բարեկամներն ու ընկերներն են. «Որովհետև ես ի պաշտոնե շփվում եմ բոլոր ձեռնարկատերերի հետ: Տասնյակ մարդկանց հետ ես շփվում եմ և կարելի է ասել, որ նա հաղթել է, որովհետև վարչապետի մերձավորն է: Սա օբյեկտիվ, ճիշտ գնատական չէ:

Ես հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց Ձեր նշած տնտեսական շահերը բացակայում են, չկան այդպիսիք»:

Լևոն Զուրաբյանն էլ նկատեց. «Դուք նշեցիք, որ պնդումները ապացուցվող են, այո, բայց դեռևս ոչ ապացուցված: Վեց ամիս է անցել, բայց ապացուցված չեն դրանք: Խնդիրը պետության վրայից կեղտը մաքրելն է, ոչ թե Ձեզ վարկաբեկելը»:

Ինչ վերաբերում է «Ֆլեշ» ընկերությանը, ապա պատգամավորի խոսքով՝ որևէ մրցույթ չի կազմակերպվել, պարզապես տրվել է սուբսիդիան: «Մի օր կհասնե՞նք նրան, որ Ձեր թշնամին շահի այդ մրցույթները»,- հարցրեց Զուրաբյանը:

«Ես թշնամիներ չունեմ և այդ առումով ուզում եմ Ձեզ հանգստացնել: Ինչ վերաբերում է գնումների գործընթացին, ապա դրանք եղել են ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան: Լավագույն հայտն ընդունվել է, հաղթել է, մնացած բոլոր ընկերությունների հայտերն ու պայմաններն ավելի լավը չեն եղել, սա է եղել պատճառը,- հակադարձեց վարչապետ, ապա շեշտեց,- Շնորհաալություն, որ մտածում եք երկրի մասին: Բայց ես ներկայացրել եմ փաստեր, որոնք ստուգված են, հրապարակվել են»:

Տեսանյութեր

Լրահոս