ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը խոսել է Սերժ Սարգսյանի` Վիլնյուս այցի, Զորի Բալայանի նամակի և Մարթենսի հուղարկավորության մասին
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական ու կազմակերպչական հարցեր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է news.am-ը:
Նա նշել է, որ կադրային հարցեր չեն քննարկվել եւ այս պահին օրակարգում կադրային փոփոխությունների հարց չկա: «Քննարկել ենք կուսակցության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին, Արարատի քաղաքապետի ընտրությունները, դեկտեմբերին էլ 15 համայնքներում ընտրություններ են սպասվում»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կմասնակցի ԵԺԿ նախագահ Մարթենսի հուղարկավորությանը:
Անդրադառնալով Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին, Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների խորը համոզմունքն է, որ պետք է շարունակել խորը համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է թե Եվրոպային, թե Հայաստանին, քանի որ այդ համագործակցության արդյունքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար: «Հիմա Վիլնյուսում դա կարող է լինել հռչակագիր, հայտարարություն, ասոցացման համաձայնագիր, քաղաքական մաս, թե այլ տարբերակ. էականն այն է, որ կողմերը պատրաստակամություն ունենան շարունակելու երկխոսությունը: Ես լավատես եմ եւ կարծում եմ, որ միասին պետք է իրականացնենք քայլեր՝ Հայաստանը ավելի ժողովրդավարական դարձնելու ուղղությամբ»,-ասել է նա:
Հարցին, թե Հայաստանի նախագահը մեկնելո՞ւ է Վիլնյուս, Շարմազանովը պատասխանեց, որ ժամանակը կգա նախագահի մամուլի ծառայությունը պաշտոնական պատասխան կտա:
Շարմազանովն անդրադարձել է նաեւ Զորի Բալայանի` Ռուսաստանի նախագահին ուղղված նամակին: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել Զորի Բալայանի նամակի մասին եւ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ այդ նամակը չի քննարկվել:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք փորձեր արեցին այդ նամակի կապակցությամբ մեկնաբանությամբ հանդես գալ, տպավորությունն այնպիսին է, որ նամակն ուշադիր չեն կարդացել: «Ինչ վերաբերում է մեր կարծիքին, ապա եւս մեկ անգամ պատրաստ եմ ասել՝ Արցախը ավելի մեծ է, քան ԼՂԻՄ-ը: Արցախը եւ Նախիջեւանը երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում, Ադրբեջան պետությունն արհեստական պետական միավորում է: Կովկասում հայերն ու ռուսները եղել են դաշնակիցներ եւ հինգերորդ` մեր տարածաշրջանում հիմնական վտանգը մնում է Թուրքիան եւ Ադրբեջանը՝ իրենց ֆաշիստական նկրտումներով»,- ասել է Էդուրադ Շարմազանովը եւ եզրափակել. «Արցախը Հայաստան է եւ վերջ», հաղորդում է news.am-ը: