Սասուն Միքայելյանը Զորի Բալայանին առաջարկում է «Կիեւյան Ռուսիա» նավով անվերադարձ հանգրվանել Ռյազանում
Զորի Բալայանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:
-Ի՞նչ կարծիքի եք Զորի Բալայանի նամակի մասին: Պատահակա՞ն եք համարում, որ այն հրապարակվել է Մաքսային Միություն մտնելու նախաշեմին:
-Նման բովանդակությամբ նամակի հրապարակումը չի կարող պատահականություն լինել եւ առավել եւս, չի կարող կապ չունենալ Մաքսային Միությանն անդամակցելու խնդրի հետ: Նամակի մասին կարող եմ ասել, որ եւս մեկ անգամ ապացուցվում է, որ Զորի Բալայանը դեռ չի կորցրել ռուս իշխանավորներին «խելք սովորեցնելու» իր մշտական հույսը: Ցավոք մենք այս անգամ էլ չկարողացանք դասեր քաղել մեր պատմության ընթացքում գործած սխալներից եւ այսօր էլ օրհնում ենք, որ «ռսի ոտքը» մտնի հայոց հողը: Մինչդեռ Արեւմտյան Հայաստանի դառը ճակատագիրը բոլորիս աչքի առաջ է, երբ հույս դնելով ռուսի վրա՝ մենք ունեցանք 1,5 միլիոն անմեղ զոհեր ու կորսված հայրենիք:
-Կարծիք կա, որ նամակով Զորի Բալայանը մատնանշում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ռուսաստանի կազմում՝ վկայակոչելով Գյուլիստանի պայմանագրի հավիտենական բնույթը: Դուք նման բան տեսնո՞ւմ եք նամակում եւ որպես Արցախի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած անձնավորություն՝ այն ընդունելի՞ է Ձեզ համար:
-Բայց ինչո՞ւ միայն Ղարաբաղը, ի՞նչ տարբերություն Ղարաբաղի եւ Երեւանի խանությունների միջեւ: Դրանք բոլորն էլ Պարսկաստանի տիրապետությունից անցել են Ռուսաստանի կայսրությանը եւ, եթե ընդունենք նամակում նշված այն պնդումը, որ Գյուլիստանի պայմանագիրը հավիտենական բնույթ ունի, ապա սա նաեւ Հայաստանի անկախության վերջն է: Այսինքն, ըստ Զորի Բալայանի, ստացվում է, որ ոչ մի արժեք չունեն Հայաստանի անկախության հանրաքվեն, ժողովրդի հավաքական կամքով ու մաքառումով ստեղծված անկախ պետականությունը եւ ազատագրական պայքարում նահատակված մեր հազարավոր հայորդիների արյունը: Ես, որպես ազատագրական պայքարի զինվոր, չեմ կարող անտարբեր լինել ու դեմ եմ նման պառակտիչ գործողություններին: Իմ կարծիքով՝ Զորի Բալայանը կարող է մի քայլ անել, որը կլինի ի նպաստ հայ ժողովրդի՝ ողջ ղարաբաղահայաստանյան իշխանական կլանին հրավիրել Կիլիկիա նավով ճամփորդության, որի ընթացքում նավն անվանափոխել «Կիեւյան Ռուսիա», փոխել դրոշը եւ անվերադարձ հանգրվանել հենց իր սիրելի Ռյազանում կամ, ավելի ճիշտ, մի հեռավոր ռուսական ծայրագավառում:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: