Մեղադրվում է նախկին կնոջը հարվածներ հասցնելու և ձախ դաստակը այրելու մեջ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթ է ընդունվել ընտանեկան բռնության դեպքի առիթով հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատավական համակարգից, Հ. Հովհաննիսյանը մեղադրվում է նրանում, որ 2013թ. հունիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինա 1-ին նրբանցքի 2-րդ հասցեի տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով նախկին կնոջ՝ Ա. Գրիգորյանի հետ՝ ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և չպարզված գործիքով այրել վերջինիս ձախ դաստակը՝ պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով:
Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից
հարյուրհիսնապատիկի չափով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: