Հունգարական «OTR BANK» -ը սառեցրել է Աբիևի բանկային հաշիվները և բացատրություն պահանջել դրանց ծագման մասին
Ադրբեջանի «Պահեստի սպաներ» միավորման ղեկավար, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին դիմել է գլխավոր դատախազին եւ ազգային անվտանգության նախարարին` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի բանկային հաշիվների հետ կապված, հաղորդում է haqqin.az-ը:
Ջաֆարլին նշել է, որ հունգարական «OTR BANK» -ը սառեցրել է Աբիեւի բանկային հաշիվները, որոնց վրա եղել է 65 մլն եվրո: Բանկը Աբիեւից տեղեկություններ է պահանջել այդ գումարների ծագման մասին, սակայն նախարարը չի կարողացել համապատասխան հայտարարագրեր ներկայացնել. «Ինտերպոլի հունգարական բաժնի հաշվետվություններում նշվում է, որ երկու ամսվա ընթացքում Ադրբեջանից կասկածելի դրամական փոխանցումներ են եղել հունգարական բանկերի հինգ հաշիվների վրա` 686 000, 196 000, 617 000 եւ 252 000 դոլար»:
Կազմակերպությունը հարցում է ուղարկել բանկին, սակայն այնտեղից պատասխան չեն տրամադրել հարցումներին: «Մենք դատախազությունից պահանջում ենք ճշտել այդ տեղեկատվությունն ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»,-ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունը խոստանում է զբաղվել Աբիեւի հաշիվներով նաեւ Գերմանիայում, Իսպանիայում եւ Շվեյցարիայում: