Երևանում տարբեր համերգներ են կազմակերպվել` ռոք, ջազ, հեղինակային երգ (լուսանկարներ)
Մայրաքաղաքի 2795-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու և մասնակցելու երևանյան շուրջ 26 բեմահարթակներում կազմակեպված միջոցառումներին, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Կասկադ» համալիրի տարածքում տեղադրված բեմահարթակն իր շուրջն է հրավիրել ջազի սիրահարներին՝ ունկնդրելու հայկական ջազային խմբերի ու անհատների կատարումները:
Մայրաքաղաքի Սիրահարների այգին համախմբել է ոչ միայն սիրահարներին, այլ նաև հեղինակային երգի կատարողներին և ունկնդիրներին: Հեղինակ կատարողները սեփական ստեղծագործություններով են շնորհավորել մայրաքաղաքի տոնը:
Սակայն հնչած երգերում ոչ միայն երևանյան մոտիվներ են եղել: Համերգային երեկոյին մասնակցել են երեք սերունդների 12 հեղինակ կատարողներ:
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի հրապարակի բեմահարթակը համախմբել էր ռոք երաժշտության սիրահարներին:
Համերգին ելույթ են ունեցել հայաստանյան հայտնի ու սիրված ռոք երգիչներն ու խմբերը: Երաժշտական միջոցառումները շարունակվելու են մինչև ուշ երեկո: