Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահին

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին, հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին Հայաստանում, նշելով, որ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում Վլադիսլավ Տրետյակին և խորհրդային տարիների լեգենդար մյուս մարզիկներին, որոնց փառահեղ հաղթանակներով հպարտանալու բազմաթիվ հրաշալի առիթներ են ունեցել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում հոկեյի և ձմեռային այլ սպորտաձևերի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ ՌԴ հոկեյի ֆեդերացիայի համագործակցության ցանկությունն ու պատրաստակամությունը:

Վլադիսլավ Տրետյակը, ով առաջին անգամ է Հայաստանում, և այդ այցը համընկել է մայրաքաղաք Երևանի 2795-ամյակի տոնակատարության օրերին, նշել է, որ հաճելիորեն զարմացած է երևանցիների ջերմ հյուրընկալությունից ու իրեն ուղղված գնահատանքի և մեծարանքի խոսքերից: Ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ոլորտներում տարեցտարի զարգանում և ավելի է ամրապնդվում, Վլադիսլավ Տրետյակը նշել է, որ ուրախ կլինի նպաստելու սպորտի բնագավառում և հատկապես ձմեռային սպորտաձևերի զարգացման գործում ՌԴ-ի հետ փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս