Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծել է Եկատերինբուրգի նորակառույց եկեղեցին

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետել է    Եկատերինբուրգի նորակառույց   Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու օծման արարողությունը:  Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության, Եկեղեցին կառուցվել է Եկատերինբուրգի հայ համայնքի նախագահ Մասիս Նազարյանի  բարերարությամբ: Տաճարի հիմնարկեքը թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ կատարվել է 2003 թ.: Քաղաքի կենտրոնում կառուցված 37 մետր բարձրություն ունեցող տաճարի ճարտարապետն է Հակոբ Գասպարյանը, որմնանկարիչը` Արտյոմ Մելքոնյանը:

Հայկական եկեղեցու օծման առիթով ողջ մարզից Եկատերինբուրգ ժամանած հայորդիներին բաշխելով իր հայրապետական օրհնությունը` Վեհափառ Հայրապետը  «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո թափորով մուտք է  գործել նորակառույց տաճար:

Օծման արարողությանը ներկա են եղել  Ռուս Ուղղափառ Եկեղեցու Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը, Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը, փոխնահանգապետ Յակով Սիլինը, նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի և թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Եկեղեցու օծման առիթով հայ համայնքին շնորհավորել է  Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլը`     իր խոսքում անդրադառնալով նաև եկեղեցու կարևոր առաքելությանը մարդկային կյանքում: Կիրիլ  միտրոպոլիտը նորակառույց եկեղեցուն ընծայել է  Ս. Հարության սրբապատկեր:

Տաճարի օծման առիթով Հայաստանի  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի  անունից նորակառույց եկեղեցուն ակնակուռ ձեռաց խաչ փոխանցել է  ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

Օծման արարողությունն ամփոփվել է  Գարեգին  Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:   «Աստվածահաճո և եկեղեցաշեն ձեռնարկումները կյանքի են կոչվում Բարձրյալն Աստծո զորակցությամբ, և աշխարհի չորս ծագերում վեր հառնած մեր եկեղեցիներն ու տաճարները` որպես փրկության տապաններ, նաև ամուր հիմքն են ազգային-հոգևոր ինքնության, մխիթարության, հույսի և ապավինության: Սրբալույս մյուռոնով օծյալ մեր եկեղեցիներում հավատքով համախումբ և անսասան են մնում հայորդիք` որպես Քրիստոսի կենդանի եկեղեցի…: Որպես քրիստոնյա ազգ` մեր Տիրոջ վարդապետությամբ, առաքյալների ու մարգարեների վեմի վրա հաստատված տաճար լինելով, կառուցել ենք նաև քարակերտ տաճարներ ու եկեղեցիներ, որպեսզի այստեղ մշտամրմունջ աղոթենք Երկնավորին, և մեր եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնություններով զորացնենք հոգևոր-եկեղեցական կյանքը, ամուր պահենք աստվածասիրությունը, ազգանվիրումն ու հայրենանվիրումը»,- իր խոսքում նշել է  Ամենայն Հայոց կաթողիկոսը՝   նորակառույց եկեղեցուն նվիրելով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Միածին Որդու Ս. Իջման պատկերը:  Իսկ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ընթերցել է   Ամենայն Հայոց Հայրապետի Սրբատառ Կոնդակը, որով Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցու բարերար Մասիս Նազարյանին շնորհվել է  Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ»  պատվո բարձր շքանշան:

Նույն օրը Վերխոտուրի և Եկատերինբուրգի միտրոպոլիտ Կիրիլի ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է  Ռոմանովների ցարական ընտանիքի նահատակության վայրում կառուցված տաճար և թանգարան:

Հոկտեմբերի 12-ի առավոտյան   Եկատերինբուրգ  ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի   գլխավորած պատվիրակությունը մեկնել է  Սվերդլովյան մարզի նահանգապետարան, ուր տեղի է  ունեցել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սվերդլովյան մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Փյունիկ»  բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Մելս Չիլինգիրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս