«ՀայՌուսգազարդի» հետ նոր պայմանագրի բացակայությունը չի փրկի

Այս տարվա հուլիսի 7-ից Հայաստանում գազի սակագնի բարձրաձումից հետո «ՀայՌուսգազարդ» ընկերությունը բնակչության հիմնական մասի հետ վերակնքել է պայմանագրերը, սակայն բնակչության մի որոշ հատվածի հետ փաստաթղթեր չեն կնքվել, և իրավական առումով ոչ մի փոփոխություն չի եղել: Ինչպես 168.am-ին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը, բնակչության շատ քիչ տոկոս է, որոնց հետ սակագնի վերանայումից հետո փոխադարձ ակտերը դեռ չեն կնքվել, քանի որ նրանք տեսուչների այցելության ժամանակ տանը չեն եղել:

Շ.Սարդարյանը հայտնեց, որ ամեն դեպքում, ընկերության տեսուչները ֆիքսել են հաշվիչների ցուցմունքները և նոր գնով հաշվարկը կատարվել է հուլիսի 7-ից հետո ծախսած գազի համար:

«Հասարակական պաշտպանների միության» նախագահ Արամ Գրիգորյանի խոսքով՝ սակագնի վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը հանրային որոշում է և տարածվում է բոլորի վրա, եթե նույնիսկ մատակարար ընկերության հետ նոր պայմանագիր չի կնքվել. «Իսկ եթե բնակիչները չհամաձայնեն նոր գնով վճարել, ապա նրանց գազամատակարարումը պարզապես կդադարեցնեն»:

Տեսանյութեր

Լրահոս