Քաշքշուկ և վիճաբանությունը տարադրամի փոխանակման կետում
Հոկտեմբերի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը վիճաբանել է մի քաղաքացու հետ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը` 1983 թ. ծնված Սամվել Մ.-ն, վիճաբանել է 1981 թ. ծնված Մհեր Ֆ.-ի հետ` վերջինիս կողմից կեղծ 500 ռուսական ռուբլի անվանական արժեքով թղթադրամ ներկայացնելու և փոխանակելու հարցով, ինչի ընթացքում նրանք միմյանց քաշքշել և հարվածել են, ինչի հետևանքով վայր են ընկել սուպերմարկետում գտնվող դեղատան ցուցափեղկի վրա` կոտրելով ապակիները:
Նույն օրը, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մհեր Ֆ.-ն, որը հայտնել է, որ սուպերմարկետում վայր է ընկել և գլուխը հարվածել ցուցափեղկին:
Ժամը 15.00-ին Սամվել Մ.-ից ընդունվել է հաղորդում:
Մհեր Ֆ.-ն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալուց:
Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: