Հովհաննես Թամամյանը քրեակատարողական հիմնարկում իրավախախտում չի կատարել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որը նախորդ տարի մարտի 23-ին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, ազատ չի արձակվի. համաներումը նրա վրա պատժից ազատելու մասով չի տարածվում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը` հերքելով տարածված տեղեկությունները, թե համաներում հայտարարելու մասին որոշման շրջանակներում ազատ է արձակվելու նաև Թամամյանը:
Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշման 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն, Թամամյանի պատժի չկրած մասը կրճատվում է մեկ երրորդով` 4 ամսով: Հովհաննես Թամամյանը կալանավորվել էր դեռ 2011-ի մարտի 24-ից և հենց այդ ժամանակվանից էլ հաշվարկվում է 4 տարի պատիժը:
Հարցին, թե ինչպե՞ս է այդ լուրը ընդունել Թամամյանը, փաստաբանը պատասխանել է. «Իմ ունեցած տեղեկություններով, ընդունել է այնպես, ինչպես յուրաքանչյուրը կընդունի: Ինչ կարող է անել: Ցանկացած մեկի նկատմամբ համաներումը, թե ինչպիսի կիրառում պիտի ստանա, որոշում է իրավասու մարմինը: Դե հիմա իրավասու մարմինը որոշել է այդպես»:
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, թե իր պաշտպանյալը բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի ազատ արձակվի` բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, բարեխիղճ պատիժ է կրել, քրեակատարողական հիմնարկում իրավախախտում չի կատարել: «Բոլոր մերժումները, որոնք արվել են Թամամյանի պատիժը փոխելու վերաբերյալ, առանց պատճառաբանության են եղել: Այդ պատճառով էլ չեմ կարող որևէ գնահատական տալ դրա վերաբերյալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: