Արցախը՝ Եվրոպայի մաս

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սարգսյանի խոսքի հետեւյալ բաժինը այժմեական խնդիրների հետ ուղղակի առնչություններ է ընդգծում։ Թեև առաջին հայացքից այս բաժինը կենտրոնանում է արցախյան կարգավիճակի հստակեցման վրա, այսուհանդերձ այն տարածվում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների վրա։

Այսպես, «Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի, ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում»:

Արցախը եվրոպական տարածք համարելը հետեւյալ տրամաբանությունն ունի։ Արցախը, թեկուզ իբրև երկրորդ հայկական հանրապետություն, Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն է, պատմականորեն մաս է կազմել Հայաստան աշխարհի։ Հետևաբար Արցախի Եվրոպա համարումը Հայաստանի Եվրոպա համարումն է, ինչ որ այս վեհաժողովում վերընդգծելը քաղաքական մակարդակով այժմեական խնդիրներ է արծարծում։ Այստեղ նշումը «անկախ իր պետության կարգավիճակից» վերաբերում է իրողական անկախությանը։ Եվ այս դեպքում, անկախ առանձին հանրապետության կարգավիճակ ունենալուց, խորքում հայաստանյան տարածքի ամբողջականության մաս կազմող շրջան պետք է համարել և իբրև այդպիսին Արցախը ընկալել Եվրոպայի մասնիկ։

Նախագահի կոչը Եվրոպական խորհրդին՝ ուղղակի շփումներ նախաձեռնելու Արցախի հետ, ենթադրում է Արցախի Հանրապետության նախաճանաչման քայլ ակնկալել եվրոպական կառույցներից։ Այստեղ «անկախ կարգավիճակիցը», իրողական անկախության փոխարեն արծարծում է իրավական անկախության կարգավիճակը։ Այլ խոսքով, հակառակ նրան, որ Արցախը դեռևս իրավական անկախություն չի նվաճել, եվրոպական կառույցներին կոչով է դիմվում ուղղակի բանակցությունների ձեռնարկման, հիշեցնելով նման հակամարտության գոտիների հետ արձանագրված ուղղակի կապերը, իբրև նախադեպ։

«Անկախ կարգավիճակիցը» երկու անգամ օգտագործվել է այս խոսքի բնագրում։ Առաջին անգամ հակառակ իրողական անկախության Արցախը պետք է համարել Հայաստանի մաս, ուրեմն նաև Եվրոպայի մաս. իսկ երկրորդ անգամ «անկախ իր կարգավիճակից», այսինքն հակառակ նրան, որ իրավական անկախության չի հասել Արցախը, եվրոպական կառույցները պետք է ձեռնարկեն ուղղակի բանակցություններ պաշտոնական Ստեփանակերտի հետ։

Պարզ է, որ Արցախի եվրոպական տարածք լինելու հիշեցումը այս օրերին կապվում է Եվրամիության հետ ընկերակցության փաստաթղթի նախաստորագրման հավանականության վտանգված լինելու հետ։

Չպետք է մի կարևոր դիտարկում բաց թողնել այս դեպքում։ Հայաստանի Ազգային ժողովի լսումներում, արտգործնախարարը մշուշոտ պատասխան էր տվել այն հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դեպքում Արցախը իբրև տարածք և իբրև անկախ միավոր մաս կազմելո՞ւ է առաջադրված այս միությանը։

Ստրասբուրգում շատ հաստատ էր Եվրամիությանը Արցախի նախանդամակցության Երևանի պատկերացումը։ Արցախը պատմականորեն եղել է Եվրոպայի մասնիկ և այժմ էլ պետք է այդպես ընկալվի։ ԼՂՀ-ն ՀՀ-ի մաս, ՀՀ-ն  Եվրոպայի մաս, ուրեմն՝  ԼՂՀ-ն Եվրոպայի մաս։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի  գլխավոր խմբագիր

 

Տեսանյութեր

Լրահոս