Սերժ Սարգսյան. «Հիմա էլ մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել»
Երեկ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) աշնանային նստաշրջանում, ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ս.Սարգսյանի այս այցը կարևորվում էր հատկապես նրա կողմից Հայաստանի` Մաքսային միություն մտնելու մասին մոսկովյան հայտնի հայտարարությունից և դրա հետևանքով Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթաժողովից առաջ եվրոպական ղեկավարության որոշակի հիասթափության ֆոնին:
Բնականաբար, Սերժ Սարգսյանն իր ելույթում կրկնեց նախկինում իր հռետորաբանության մեջ եվրոպական հարթակներում նշված տեսակետները՝ հայ ժողովրդի` եվրոպական արժեհամակարգի մի մասը լինելու և ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու ձգտման, Հայաստանում քաղաքացիական հասարակության առկայության, խորհրդարանական, նախագահական և տեղական ընտրություններում Հայաստանի առաջադիմության, դատական համակարգում իրականացված բարեփոխումների և այլնի մասին: Հենց այս համատեքստում ՀՀ նախագահը կարևորեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին և համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, սակայն միաժամանակ չմոռացավ նկատել Հայաստանի բազում խնդիրների մասին` գործազրկություն ու աղքատություն, կոռուպցիա և այլն:
«Տիկնա՛յք և պարոնա՛յք, մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին:
Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումն Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից` մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել` զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համարգ Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում»,- մասնավորապես նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար»,- ավելացրեց նա:
Անցնելով քաղաքական օրակարգի ամենաարդիական հարցերից մեկին` Սերժ Սարգսյանը նկատեց, որ այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի «քաղաքակրթական ընտրության» մասին:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ: Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու: Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ`ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ` ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի երկարատև ելույթը չբավարարեց եվրոպացի պատգամավորներին, և վերջիններս ելույթից հետո սկսեցին տարբեր շեշտադրումներով հարցեր ուղղել ՀՀ նախագահին` Մաքսային միության անդամակցության և Ասոցացման համաձայնագրի հեռանկարի վերաբերյալ:
«Արդյոք Հայաստանը Ռուսաստանից ստացե՞լ է այնպիսի առաջարկ, որից չէր կարող հրաժարվել»,- հարցրեց շվեդ պատգամավոր Մարիետտա Փյուրբեյ-Լունդինը: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ նախագահական ընտրություններին եղել է եվրոպական դիտորդական առաքելության անդամ ու միակն էր, ով ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանում, ի տարբերություն իր գործընկերների, բարձրաձայնեց տեղի ունեցած բազում ընտրախախտումների վերաբերյալ:
Սերժ Սարգսյանը նախ ուղղեց Մարիետտա Փյուրբեյ-Լունդինին (նա օգտագործել էր «Ռուսաստանի Մաքսային միությունը» արտահայտությունը)` նշելով, որ դա Ռուսաստանինը չէ, այլ մի քանի պետությունների ստեղծած միությունն է:
«Հիմա էլ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, բայց, ցավոք, մեր հայտարարությունից հետո՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին, Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ ուղղակի հակասություն կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև, կանոնների տարբերություն կա: Մենք առաջարկեցինք, որ այս պարագայում, խնդրեմ, ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ է ենթադրում, և մենք պատրաստ ենք, ոչ միայն պատրաստ ենք, այլ վճռական ենք մեր երկրում այդ բարեփոխումներն իրականացնելու: Հիմա այս գործընթացն է գնում»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, թե` քանի որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը հանդես է գալիս «երկու դեմքով»` Ասոցացման համաձայնագիր և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր, և վերջինս էլ, ինչպես եվրոպացի գործընկերներն են պնդում, հակասում է Մաքսային միության պայմանագրին, այդ պատճառով Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագրի առաջին մասը, որը, ըստ Սերժ Սարգսյանի, վերաբերում է քաղաքական բարեփոխումներին: Ըստ Սերժ Սարգսյանի` Հայաստանն ուզում է սերտորեն համագործակցել Եվրամիության հետ.
«Մենք ուզում ենք մոտ լինել ԵՄ-ին, այդ քաղաքականությունը կշարունակվի»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշման գործադրման մասին հայտնի տեսակետին, այդ մասին Սերժ Սարգսյանն ասաց.
«Գիտեք, ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ես Ձեզ անկեղծորեն ասում եմ, չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտություն ասել, որևէ պաշտոնյա Ռուսաստանի Դաշնությունից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության մասին: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել, որովհետև ելել ենք շատ պարզ իրողությունից. մենք, 20 տարուց ավելի է` գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, ովքեր այսօր ձևավորել են Մաքսային միությունը»:
Մեկ այլ եվրոպացի պատգամավոր հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Սերժ Սարգսյանը նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից, և արդյոք Հայաստանը մասնակցելո՞ւ է դրան:
«Մենք մասնակցելու ենք Վիլնյուսի գագաթաժողովին, և մեր ակնկալիքն է` մինչ այդ որոշակի փոփոխություններ մտցնել բանակցված փաստաթղթում և ամբողջովին պատրաստել ստորագրման Ասոցացման համաձայնագիրը»,- ի պատասխան` ասաց Սերժ Սարգսյանը:
«Մենք շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, մենք լինելու ենք Վիլնյուսում և արդեն հիմա բանակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է ստորագրենք: Նորից պետք է կրկնեմ, որ մենք վարում ենք փոխլրացման քաղաքականություն»,- ավելացրեց Սերժ Սարգսյանը:
Ուշագրավ էր լատվիացի պատվիրակ Էգիդիժուս Վարեյկիսի հարցը Սերժ Սարգսյանին, թե արդյոք վերջինս Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելուց առաջ խորհրդակցե՞լ է Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում` նաև ընդդիմադիր ուժերի հետ:
ՀՀ նախագահը պատասխանեց. «Հարցը քննարկվել է քաղաքական ուժերի հետ, և եթե Ձեզ ասեմ, որ ընդդիմադիր ուժերի հետ հարցը խորությամբ քննարկվել է, անկեղծ չեմ լինի: ՀՀ Սահմանադրությունը ՀՀ նախագահին է վերապահում արտաքին քաղաքականության իրականացումը, և Սահմանադրությունը բոլոր հնարավորությունները նրան տալիս է միջազգային պայմանագրեր ստորագրելու: Միակ առանձնահատկությունն այն է, որ բոլոր այդ պայմանագրերը գալու են ՀՀ խորհրդարան: Այդ որոշումը բխում է նաև ՀՀ քաղաքական ուժերի շահերից, այն բխում է հայ ժողովրդի շահերից, մենք հազարավոր թելերով ենք կապված Մաքսային միության երկրների հետ, արտահանման մեկ երրորդը բաժին է հասնում ՌԴ-ին, դրանք հիմնականում գյուղատնտեսական ապրանքներ են»:
Ի դեպ, Սերժ Սարգսյանն ասաց, թե վստահ է, որ Հայաստանի հանրության մեծ մասը համաձայն է Ասոցացման համաձայնագրի հետ, բայց չի կարծում, թե այդ հարցը հանրաքվեի դնելու կարիք կա:
Սերժ Սարգսյանի ու եվրոպացիների հարցուպատասխանը հավանաբար այս հունով էլ կընթանար, եթե ասուլիսին չմիջամտեր հայկական պատվիրակության անդամներից մեկը: Մի կողմ թողնելով այն, թե ինչ արձագանք ստացավ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ոչ մշտական անդամ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցը Սերժ Սարգսյանին և վերջինիս պատասխանը, ով ում դատապարտեց, կամ էլ հակառակը` արդարացրեց, զերծ մնալով որևէ գնահատական տալուց` ներկայացնենք հայ պատգամավորի և ՀՀ նախագահի հարցուպատասխանը եվրոպական խորհրդարանում:
«Հայտնի է, որ Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության` փետրվարի 18-ին հայ ժողովրդի քվեի գողության հետևանքով: Այդ իսկ պատճառով` Դուք այստեղ չեք կարող դե յուրե ներկայացնել հայ ժողովրդի կամքը և իրավունքը, դրա համար էլ ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք վերջերս եղել եք Եվրոպայում` կազինոյում, քանի որ Դուք հանրությանը հայտնի եք նաև որպես խաղամոլ, և այնտեղ կորցրել եք 70 մլն եվրո, ո՞վ է վճարել Ձեր տեղը` այդ կորցրած գումարի համար: Եթե այդքան չի կազմել, ապա որքա՞ն է կազմել խաղատանը Ձեր կորցրած գումարը»,- Սերժ Սարգսյանին հարցրեց Զարուհի Փոստանջյանը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանը բավական սառնասրտորեն և միաժամանակ ժպտալով` ասաց. «Տիկին Փոստանջյան, ես խորապես համոզված եմ, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին, և դրանով հպարտ եմ: Ցավոք սրտի, Ձեր թեկնածուն չկարողացավ նախագահական ընտրություններում ցուցաբերել այնպիսի որակներ, որպեսզի կարողանա ներկայացնել հայ ժողովրդին:
Ձեր ասածը` կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում, ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի, եթե այդպիսի հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի կյանքից գոհ լինեիք, և այդքան չարություն Ձեր մեջ չկուտակվեր: Հաշվեք, որ ես Ձեզ չեմ պատասխանել»:
Սերժ Սարգսյանին հարցեր ուղղեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների, սիրիական ճգնաժամի և սիրիահայության խնդրի և այլ կարևոր հարցերի վերաբերյալ, սակայն նշենք, որ ՀՀ նախագահը հատկապես լայն անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հարցին:
Նա հիշեցրեց, որ 2007 թ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող կողմերին առաջարկել էր «Մադրիդյան սկզբունքների» փաստաթուղթը, որի վրա կողմերն աշխատել են մի քանի տարի, նշեց նաև այն, որ 2011 թ. Կազանում Ադրբեջանը ձախողել է բանակցությունները և սպասվող փաստաթղթի ստորագրումը, որից հետո սկսել է բարձրացնել լարվածությունը և ռազմական սպառնալիքների տոնը: Սերժ Սարգսյանը նաև Եվրոպայի խորհրդի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ղեկավարության, առաջին հերթին` Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար հնչող ռազմական սպառնալիքների հարցի վրա:
«Ամենից կարևորն այն է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ադրբեջանցիներն ավելի շատ սպառազինություն են կուտակել, որ հիմա Ադրբեջանի բնակչությունը շատ ավելին է, քան Հայաստանի բնակչությունը, և ոչ թե նրա համար, որ վախենում ենք ռազմական գործողություններում պարտվելուց: Մենք պատերազմից ենք վախենում, մենք չենք ուզում, մենք կռվել չենք վախենում, մենք ուղղակի պատերազմ չենք ուզում:
Սա է ամբողջ խնդիրը: Եվ համարում ենք, որ պատերազմով խնդիրը չի՛ լո՛ւծ-վի՛, չի՛ լուծվի: Հո անընդհատ չե՞նք պատերազմելու: Հարյուրամյա պատերազմներն ավարտվեցին, վերջը պիտի խաղաղ լուծում գտնենք, և այդ լուծումը միջազգային հանրությունը համանախագահների բերանով մեզ է փոխանցել, երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված լուծում: Այո՛, խաղաղ ճանապարհով, այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչպես է ապրելու` Ադրբեջանի՞ կազմում, Հայաստանի՞ կազմում, թե՞ անկախ»,- ընդգծեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«168 Ժամ»