Հովիկ Աբրահամյանը կպարգևատրի՞ Զարուհի Փոստանջյանին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, որ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում, մասնավորապես՝ այդ կազմից դուրս թողնելով «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանին: Աբրահամյանն այդկերպ փորձում է պատժել Փոստանջյանին, ով ԵԽ ԽՎ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանին հարց է ուղղել 70 մլն եվրո տանուլ տալու մասին:

Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանն արդեն մի անգամ փորձել է իրեն հանել պատվիրակության կազմից, սակայն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ դա նրան չի հաջողվելու:
Որտեղի՞ց է գալիս Փոստանջյանի այս ինքնավստահությունը, և արդյո՞ք ԱԺ նախագահին հաջողվելու է իրականացնել իր մտադրությունը:

Զարուհի Փոստանջյանին իսկապես ցանկացել են հեռացնել պատվիրակության կազմից, և դա  եղել է 2009թ. ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանից հետո: Այն ժամանակ քննարկվում էր Հայաստանի հարցը, և ԵԽ ԽՎ-ն Հայաստանի հարցով պետք է բանաձև ընդուներ: Զարուհի Փոստանջյանն էլ առաջարկել էր այդ բանաձևում ամրագրել մի քանի պահանջներ: Մասնավորապես, նա առաջարկել էր Հայաստանին վերաբերող փաստաթղթում ամրագրել պահանջ, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ազատազրկվածներին ազատ արձակելու ուղղությամբ, վերստեղծեն փաստահավաք խումբ` ներգրավելով նաև միջազգային փորձագետների, ինչպես նաև պարտավորեցնեն Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողներին՝ մինչև հաջորդ ձմեռային նստաշրջան նոր զեկույց պատրաստել Հայաստանի վերաբերյալ: Փոստանջյանի ներկայացրած առաջարկում որևէ արտառոց բան չէր լինի, եթե դրա տակ, եվրոպացի երկու պատգամավորների հետ, ստորագրած չլինեին Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթեքին Հաջիբեյլին և թուրքական պատվիրակության անդամ Էրոլ Ասլան Չեբեչին:

Զարուհի Փոստանջյանի այս քայլն այն ժամանակ հռչակվեց դավաճանական. Շատերը, հատկապես՝ իշխանության ներկայացուցիչներն, ասում էին, որ Զարուհին փորձել է Հայաստանի ներքին իրավիճակի հետ կապված հարցերի քննարկմանը մասնակից դարձնել ադրբեջանցիներին ու թուրքերին, մեր թշնամիներին թույլ է տվել խառնվել ներհայաստանյան կյանքին: Այն ժամանակ ևս Զարուհի Փոստանջյանը որոշ շրջանակների կողմից հռչակվեց թուրք և ադրբեջանցի, և այն ժամանակ ևս խորհրդարանի ղեկավարությունը  մտադիր էր, որպես պատիժ՝  Զարուհի Փոստանջյանին հեռացնել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից:

Բայց այն ժամանակ Զարուհի Փոստանջյանին իր պաշտպանության տակ վերցրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որը սկսեց ֆինանսավորել Զարուհի Փոստանջյանի այցերը Ստրասբուրգ: Այդ ֆինանսավորումն այնքան առատ էր, որ Փոստանջյանը կարողանում էր ԵԽ ԽՎ նիստերին տանել իր երկու անչափահաս երեխաներին, որոնցից փոքրը հազիվ մի ամսական էր: Զարուհին կարողացել էր ներկայացնել, որ իր նկատմամբ թշնամությունն այնքան մեծ է, որ իր անչափահաս երեխաների անվտանգությունը երաշխավորված չէ:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը, ի վերջո, ընկրկեց, քանի որ  լուրջ չէր Զարուհի Փոստանջյանին պաշտոնական մեղադրանք ներկայացնել թուրք կամ ադրբեջանցի պատգամավորների հետ ԵԽ ԽՎ շրջանակներում  համագործակցության մեջ: Դրանից նույնիսկ նացիզմի հոտ էր գալիս, որը Հայաստանի համար նոր գլխացավանքների պատճառ կարող էր դառնալ:

168.am-ի տեղեկություններով, Զարուհի Փոստանջյանն այսօր էլ է ԵԽ ԽՎ-ում սպառնացել. «Թող փորձվեն ինձ պատվիրակությունից դուրս հանել, կտեսնեք, թե EPP-ն ինչ հայտարարություն է ընդունելու»: Եթե Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իսկապես փորձի Զարուհի Փոստանջյանին հանել հայաստանյան պատվիրակության կազմից, հնարավոր է, որ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը հանդես գա հայտարարությամբ, որով կդատապարտի Հայաստանի իշխանությունների կողմից՝ պատգամավորի խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու ցանկացած դրսևորում: Հնարավոր է, որ եվրոպացիները Զարուհի Փոստանջյանին իրենց հաշվին հրավիրեն ԵԽ ԽՎ նիստերին և նրան օժտեն արտահերթ ելույթ ունենալու իրավունքով:

Այնպես որ, այն, ինչ ուզում է անել Հովիկ Աբրահամյանը, Զարուհի Փոստանջյանի համար կարող է դառնալ ոչ թե պատիժ, այլ պարգևատրում: Ինչպես հայտնի է,  Եվրոպայում չափազանց շատ են սիրում  հալածյալներին  և հետապնդյալներին:

Տեսանյութեր

Լրահոս