Մեղադրողը պահանջել է մանկաբարձ-գինեկոլոգին դատապարտել 2 տարվա ազատազրկման
pastinfo.am –ի փոխանցմամբ` Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան գործով հոկտեմբերի 2-ի նիստում իր մեղադրական ճառում մեղադրող Արիս Բարսեղյանը միջնորդել է մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանին դատապարտել 2 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկելով նրան մանկաբարձ-գինեկոլոգի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Ըստ Ա.Բարսեղյանի՝ Վարուժան Մարդանյանի կատարած արարքը ապացուցված է և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին՝ մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Մեղադրողը միաժամանակ գտնում է, որ դատարանը պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնի այն, որ ամբաստանյալը հոգացել է տուժողի հուղարկավորության ծախսերը, տուժողի իրավահաջորդը նրանից բողոք և պահանջ չունի, ամբաստանյալի խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան նրա 3 երեխաները:
Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, մեղադրողը հիմնավորված է համարել Վարուժան Մարդանյանին առաջադրված մեղադրանքը: Բժիշկ Վարուժան Մարդանյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքն, ըստ մեղադրողի, հիմնավորվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ: Մեղադրողը գտնում է, որ ամբաստանյալը կոնկրետ պահին չի գիտակցել և նախատեսել հնարավոր հետևանքները, թեև պարտավոր էր և կարող էր դա անել:
Մեղադրողը հիմնավորված է համարել մեղադրանքը, ըստ որի՝ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը՝ բժշկական կենտրոն ընդունելով Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Հոկտեմբերի 7-ի դատական նիստում ամբաստանյալը հանդես կգա վերջին խոսքով:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: