Ո՞ւմ խոստումով պետք է բարձրանա աշխատավարձը

Օգոստոսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Կրթության և գիտության նախարարություն և հանդիպում ունեցել նախարարության ղեկավար
կազմի հետ:  Հենց այդ հանդիպման ժամանակ էր, որ Սերժ Սարգսյանը խոսել էր աշխատավարձերի սպասվող բարձրացման մասին և բառացիորեն հայտարարել.

«Կարծում եմ, որ տեղյակ եք, որ մենք 2014թ. անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են և՛ նվազագույն աշխատավարձը, և՛ աշխատանքի համար վարձատրությունը: 2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի: Հիմա մի փոքր դժվարանում եմ ասել, թե որքան է լինելու գլխավոր մասնագետի կամ բաժնի վարիչի աշխատավարձը, բայց վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետը ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ` կախված աշխատանքային ստաժից»: Նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսով հստակ խոսել էր աշխատավարձերը հունվարի 1-ից բարձրացնելու մասին: Դատելով Սերժ Սարգսյանի հրապարակած թվերից, կարելի էր եզրակացնել, որ սպասվում է աշխատավարձերի գրեթե 100 տոկոսանոց բարձրացում, քանի որ նախարարության ավագ մասնագետը կամ բաժնի պետն այսօր ստանում են, միջին հաշվով, նշված թվերից երկու անգամ պակաս աշխատավարձ:

Սերժ Սարգսյանի՝ ԿԳՆ այցելությունից ուղիղ մեկ ամիս անց`սեպտեմբերի 28-ին, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին խոսեց աշխատավարձերի սպասվող բարձրացման մասին: Բայց հրապարակեց բոլորովին այլ ժամկետ և բոլորովին այլ թվեր: Տիգրան Սարգսյանը մասնավորապես հայտարարել է.

«2014թ. հունվարի 1-ից թոշակները կավելանան 15 տոկոսով, և 2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով»: Ինչպես տեսնում ենք, վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատավարձերի ավելացման ժամկետը հետաձգում է ուղիղ վեց ամսով և խոսում է ոչ թե` 100, այլ ընդամենը 40 տոկոսանոց բարձրացման մասին: Ո՞ւմ պետք է հավատա պետական ծառայողը` նախագահ Սերժ Սարգսյանի՞ն, ով խոստացել է իր աշխատավարձը բարձրացնել հունվարի 1-ից, թե՞ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով խոստանում է աշխատավարձը բարձրացնել հուլիսի 1-ից: Շարքային պետծառայողը, իհարկե, կցանկանար հավատալ հենց Սերժ Սարգսյանին, որովհետև նա խոստանում էր աշխատավարձի ավելի նշանակալի բարձրացում, և բացի այդ էլ` ընդամենը չորս ամսից, բայց նա հասկանում է, որ չարդարացված լավատեսությունը նման դեպքերում ամենևին տեղին չէ: Եթե վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատավարձի բարձրացման գումարը 2014թ. բյուջեում նախատեսում է հուլիսի 1-ից, ապա պարզ է, որ դրանից առաջ ուղղակի գումար չի լինի վճարումներ կատարելու համար:

Չնայած չի բացառվում, որ աշխատավարձերը չբարձրանան ո՛չ հունվարի 1-ից, և ո՛չ էլ հուլիսի 1-ից, քանի որ այդ ժամանակ էլ կարող է բարձրացման համար անհրաժեշտ գումար չլինել: Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարվում էր, որ հուլիսի 1-ից սպասվում է աշխատավարձերի կտրուկ և շեշտակի բարձրացում: Պետական ծառայողներն անհամբեր սպասում էին բաղձալի հուլիսի 1-ին, մտածելով, որ նախընտրական այդ խոստումը կկատարվի: Բայց 2013թ. հուլիսի 1-ն ինչպես եկավ, այնպես էլ անցավ, իսկ աշխատավարձերը չբարձրացան:

Իսկ ինչո՞ւ ենք մտածում, որ աշխատավարձերը կարող են չբարձրանալ նաև 2014թ. հուլիսից: Տիգրան Սարգսյանն ասում է, որ թոշակների և աշխատավարձերի ավելացումը տեղի է ունենալու բյուջեի մուտքերի շուրջ 90 մլրդ ավելացման շնորհիվ: Իսկ ինչի՞ շնորհիվ է լինելու այդ ավելացումը: Որպես բյուջեի եկամտային մասի ավելացման հնարավոր աղբյուր վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, որը պետք է տնտեսվարողների համար լրացուցիչ եկամուտների ստացման հնարավորություն ստեղծի: Մի կողմ թողնենք Տիգրան Սարգսյանի՝ նախկինում արված այն պնդումները, որ Մաքսային միությանը միանալը Հայաստանի համար ոչ մի տնտեսական էֆեկտ չի առաջացնի, քանի որ մենք այդ միության հետ ընդհանուր սահման չունենք:

Տիգրան Սարգսյանը եկամուտների ավելացում է սպասում մի միությանը անդամակցությունից առաջացած տնտեսական էֆեկտից, որին Հայաստանը դեռ չի անդամակցում, և, ըստ որոշ կանխատեսումների, կարող է անդամակցել միայն 2014թ. մայիսից: Ստացվում է, որ Հայաստանը դեռ Մաքսային միությանը չանդամակցած, դրա հետևանքները չզգացած` արդեն բաշխում է այն եկամուտները, որոնք պետք է գոյանան այդ անդամակցության արդյունքում:

Բացի այդ, Տիգրան Սարգսյանն իր ելույթում խոսել է արտաքին ռիսկերի, մասնավորապես՝ զարգացող երկրներում տնտեսության աճի ցուցանիշների վատթարացման մասին՝ օրինակ բերելով Ռուսաստանի տնտեսության լճացումը, դրա բացասական ազդեցությունը Հայաստանի վրա գնահատելով էական: Վարչապետն ընդգծել է նաև արտաքին ներդրումների նվազման փաստը, որը նույնպես հանգեցնում է եկամուտների կրճատման: Այսպիսով, վարչապետը` մինչ թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին խոսելը, մի այնպիսի արտաքին իրավիճակ է նկարագրել, որից կարելի է եզրակացնել, որ աշխատավարձերը և թոշակները կարող են նվազել և ոչ թե` ավելանալ:

Հայաստանում նոր սոցիալական մարտավարություն է որդեգրվել՝ մարդկանց խոստումներով կերակրելը: Մարդիկ միշտ լավատեսական սպասման մեջ են. անընդհատ սպասում են, որ շուտով իրենց աշխատավարձերը և թոշակները կավելանան, իրենց վիճակը կբարելավվի: Պայծառ ապագայի սպասումը հնարավորություն կտա մարդկանց ավելի հեշտ հաղթահարել դժգույն ու գաղջ ներկայի դժվարությունները:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս