Վրաստանը ողջունում է Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի դյուրացումը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Թբիլիսին ողջունում է Վրաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելը դյուրացնելու ուղղությամբ Ռուսաստանի գործողությունները:

Այս մասին Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանում հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Աբաշիձեի խոսքերով՝ վերջին ամիսներին ռուսական կողմը փուլ առ փուլ դյուրացնում է Վրաստանի որոշակի կատեգորիաների քաղաքացիների համար վիզայի տրամադրումը: Նա հավելել է, որ դա մասնավորապես վերաբերում է ազգակցական կապեր ունեցողներին, արհմիությունների անդամներին, գործարարներին:

Աբաշիձեն ընդգծել է նաև, որ ռուսական կողմի տվյալներով վերջին շրջանում 2-3 անգամ ավելացրել է Վրաստանի այն քաղաքացիների քանակը, որոնց տրվել են վիզաներ: Վրաստանի ու Ռուսաստանի միջև վիզային ռեժիմ է սահմանվել 2000 թվականին: 2012 թվականի մարտի 1-ից Վրաստանն ամբողջությամբ չեղյալ է հայտարարել Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար վիզային ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս