Բաժիններ՝

«Այլանդակ հայհոյանքներ տեղաց՝ ես ձեր սենց, ընենց ու օղու շիշը շպրտեց Սուրենի վրա». Ինչպես են ծեծել Նախախորհրդարանի համակիրներին

Այսօր առավոտյան Նախախորհրդարանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ակտիվիստներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 26-ին, իրենց իսկ բակում` հարևանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, ինչի հետևանքով Սուրեն Գևորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: ԳԱԼԱ-ն այսօր զրուցել է ակտիվիստ Սահակ Պողոսյանի հետ, ով պատմել է, որ ընկերոջ՝ Սուրեն Գեւորգյանի վիճակը ծանր է եւ շատ հնարավոր է, որ նրան վիրահատեն:

– Պարոն Պողոսյան, փաստորեն Դուք միջադեպի ականատես-մասնակիցն եք եղել, կպատմե՞ք մեզ՝ ինչպես պատահեց, ինչու փորձեցին հարձակվել Ձեր վրա:

-Ես սկզբում ընկերոջիցս պատմեմ, նրա առողջական վիճակը այնքան էլ լավ չէ: Դեպքից մոտավորապես երեք ժամ հետո, որը մենք հիմնականում անց են կացրել ոստիկանությունում, նրան տեղափոխեցինք հիվանդանոց: Երբ տուն եկանք, տեսանք, հասկացանք, որ դրությունը վատ է, զանգահարեցինք Շտապօգնության կայան, առանց ժամանակ կորցնելու անմիջապես տարան հիվանդանոց: Չթողեցին անգամ, որ նա ձայն հանի՝ պատճառաբանությամբ, որ դրությունը լուրջ է: Սուրենը ոտքի վրա էր, բայց գունատ էր: Հիվանդանոցում գլուխը նկարեցին, անմիջապես սիստեմա միացրին եւ տարան վերակենդանացման բաժանմունք՝ հեմատոմա ախտորոշմամբ եւ ասացին, որ վիճակը լուրջ է: Բժիշկը մոտ կես ժամ հետո դուրս եկավ եւ մեզ բացատրեց, որ հնարավորությունը առողջության 50:50 է: Այսինքն` եթե 72 ժամում տեղաշարժ չլինի, պետք է կատարվի վիրահատություն. երակը բացվում է, եւ եթե արյունը կաթեց ուղեղին, կյանքին սպառնացող իրավիճակ է: Ամբողջ գիշեր նա նորից վատ է զգացել, առավոտյան 08:30 նոր քնել է: Կարծում եմ, որ դեռեւս քնած կլինի:

– Բայց ինչպե՞ս պատահեց այդ ամենը, Դուք գտնում եք, որ քաղաքական հայացքների՞ համար էր այդ հարձակումը:

Կարդացեք նաև

-Դա` անկասկած, իմ համոզմամբ՝ ուղղորդված եւ նախապատրաստված գործողություն էր, որը կատարվում է վերջին մի քանի ամսվա ընթացքում Նախախորհրդարանի եւ ընդհանրապես ակտիվիստների նկատմամբ: Բացարձակապես ո՛չ ես, ո՛չ էլ Սուրենը վիճաբանության թեմա չենք տվել:

Ուղղակի այդ անձնավորությունը խմած իջավ ներքեւ, եւ տեսանք նաեւ, որ սեղանին նրա խմած օղու շիշն էր դրված եւ ներկա էին 6-7 հարեւաններ, որոնք բակում շախմատ եւ նարդի էին խաղում: Այլանդակ հայհոյանքներ տեղաց, թե մենք ով ենք, որ ուզում ենք այս երկիրը փոխենք: Երկար ժամանակ համբերեցինք: Իսկ իր վերջին նախադասությունն այն էր, թե «դուք մեր ժողովրդին ոտքի եք հանում, որ տանեք կոտորեք, ես ձեր սենց, ընենց» ու օղու շիշը շատ արագ եւ ուժեղ շպրտեց երեք մետրից Սուրենի վրա: Բարեբախտաբար, չկպավ: Հետո խառնվեցին ներկաները: Հետո Սուրենը, որպեսզի իրարանցում չլինի, մի 30 մետր հեռացավ, բայց պոկվեց տեղից եկավ ու սկսեց հարվածներ տեղալ: Մարդիկ բաժանեցին, Սուրենը նորից մի 30 մետր էլ քայլեց ու հեռացավ դեպի շենքի մուտք, սա նորից հասավ շենքի մուտքի մոտ, հարվածեց, եւ Սուրենն ընկավ բետոնի վրա:

Պարզ է, Դուք ճանաչո՞ւմ էիք այդ քաղաքացուն, նա Ձեր դեմ ինչ-որ անձնական խնդիրներ չունե՞ր արդյոք:

– Ես ու Սուրենը բնակվում ենք նույն շենքում, ինքը հարակից շենքի բնակիչ է, բայց ոչ մի շփում չի ունեցել: Չենք ճանաչում, մինչեւ երեկ իրա անունն էլ չգիտեինք, ուղղակի միշտ տեսել ենք բակում նստած գինովցած վիճակում, չգիտեմ էլ` ինչ է աշխատում: Երեկ էլ գինովցած էր եւ իր խմած օղու շիշն էլ շպրտեց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս