Ինչու է Սուրիկ Խաչատրյանը Սամվել Հարությունյանից 1,5 մլն դրամ պահանջում

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 30-ին կքննվի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Ս. Խաչատրյանը պահանջել է հերքել, ըստ իրեն, իր պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Գործով նախագահող դատավորը Անի Մխիթարյանն է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատարանում պատասխանողի շահերը կներկայացնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը: 168.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանն ասաց, որ իրենք ծանոթացել են հայցին, պատրաստվել են և օգոստոսի 30-ին ներակայանալու են դատական նիստին:

– Պարո՛ն Շուշանյան, Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած հայցը որքանո՞վ է հիմնավոր:

Mushex Shushanyan– Ես իմ վստահորդի շահերի պաշտպանությունից ելնելով` այս պահին ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց: Ընդամենը կտեղեկացնեմ, որ Սուրիկ Խաչատրյանը դիմել է այն բանի համար, որ Սամվել Հարությունյանը հրապարակավ հայտարարել է, որ 1992 թվականին Սուրիկ Խաչատրյանը կրակոց է արձակել մի կնոջ վրա, որը գտնվել է հղի վիճակում, և այդ կրակոցի հետևանքով պտուղն է մահացել, իսկ այդ կնոջ կյանքը հազիվ է հաջողվել փրկել: Իրոք, այդ կնոջ վրա կրակոց արձակվել է, այդ առթիվ հարուցված է եղել քրեական գործ, հետագայում այն քրեական գործն անհայտ հանգամանքներում ընթացք չի ստացել և այլն: Ու այդ առթիվ բազմաթիվ հրապարակումներ են եղել` սկսած 1992 թվականից, երբ այդ դեպքը տեղի է ունեցել (այդ դեպքը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 26-ին): Դրանից հետո պարբերաբար, տարբեր ժամանակահատվածներում, բազմաթիվ հրապարակումներ են եղել, որտեղ ուղղակիորեն հիշատակվել է Սուրիկ Խաչատրյանի անունը՝ որպես այդ հանցագործության հեղինակի, ու զարմանալի է, որ որևէ անգամ Սուրիկ Խաչատրյանը չի փորձել իր պատիվը և ոտնահարված արժանապատվությունը պաշտպանել և միայն այս դեպքում է որոշել պաշտպանել:

Ես չեմ ուզում շատ բացել փակագծերը, բայց մենք մեր տրամադրության տակ բավականին ապացույցներ ունենք, որ այդ դեպքի մասին պարբերաբար լրատվությունը հրապարակավ հնչեցվել է: Սուրիկ Խաչատրյանը, եթե ինքը դրան որևէ առնչություն չի ունեցել, թող այն ժամանակ դա հերքելու փորձեր աներ:

– Այս ընթացքում Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի ենթադրյալ բազմաթիվ հանցագործությունների մասին է խոսել: Միայն Ձեր մատնանշած հրապարակման մեջ ասվա՞ծն է Սուրիկ Խաչատրյանը պահանջել հերքել:

– Այո՛, միայն այս դեպքով և մեկ այլ դեպքով, որը տեղի է ունեցել 1996 թվականին և կապված է Գորիսի բնակիչ մի երիտասարդի` նորից ծանր հրազենային վնասվածք հասցնելու հետ: Իրոք, Սամվել Հարությունյանը, Դուք իրավ, շատ ճիշտ նշեցիք, որ բազմաթիվ դրվագներով Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ է ներկայացրել, բայց Սուրիկ Խաչատրյանը, չգիտես ինչու, կենտրոնացել է այս մեկ կամ առնվազն այս երկու դեպքերի վրա:

– Պարո՛ն Շուշանյան, իսկ Սուրիկ Խաչատրյանի կողմից միայն հրապարակային ներողության հա՞յց է ներկայացվել, թե՞ գումարային պահանջ էլ կա:

– Հրապարակային ներողության և նաև ոտնահարված արժանապատվության դիմաց նյութական վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացրել 1,5 մլն դրամի չափով:

– Իսկ պահանջվող գումարի չափը Ձեզ համար զարմանալի չի՞թվում: Եղել են դեպքեր, երբ նման հայցերի դեպքում որպես փոխհատուցում պահանջվել է 1 դրամ:

– Դուք հարց եք հնչեցնում` զարամանալի՞ է, թե՞ ոչ. իհարկե, զարամնալի չէ, որովհետև, կարծում եմ՝ Սուրիկ Խաչատրյանն իր վաղեմի ախոյան Սամվել Հրությունյանին այդ միջոցով  ծնկի բերելու նպատակ ունի նաև, որովհետև Սամվել Հարությունյանը, կարելի է ասել, որևէ վաստակելու միջոց չունի այս պահի դրությամբ, իր համար 1,5 մլն դրամը շատ մեծ գումար է: Կարծում եմ՝ նաև դա հաշվի առնելով է Սուրիկ Խաչատրյանը այդ գումարի չափով նյութական պահանջ ներկայացրել: Իհարկե, գիտեք ի՞նչ, երբ 1, 10 կամ 100 դրամի չափով նյութական վնասի փոխհատուցման պահանջներ ներկայացվել են, ներկայացվել են այն մարդկանց կողմից, ովքեր, որքանով ես եմ ծանոթ այդ գործերին, իրոք, վստահ են եղել իրենց ճշմարտացիության, իրավացիության մեջ:

Այսինքն՝ վստահ են եղել, որ իրենք վիրավորանքի կամ զրպարտության զոհ են: Այս դեպքում մենք, իհարկե, գործ ունենք լիակատար հակառակ վիճակի հետ: Իհարկե, նա (Սուրիկ Խաչատրյանը:-Օ. Հ.) գիտի, որ ինքն այդ բոլոր հանցանքները կատարել է, ու ինքը այդ բոլոր դեպքերում խուսափել է այդ հանցանքներից, քանի որ եղել է այս հանցավոր համակարգի հիմնասյուներից մեկը, միգուցե այդպես ասեմ: Դրա հետևանքով է ինքը խուսափել:

Հիմա այս դեպքում, չգիտեմ՝ իրեն ինչ-որ մեկը խորհուրդ է տվել կամ ինքն է այդպես գտել,  որ համար է առիթ է իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանել նման կերպ: Խնդիր չկա. մենք պատրաստ ենք դրան:

Տեսանյութեր

Լրահոս