«Ալ-Քաիդան» ահաբեկչություններ է պլանավորում համայն աշխարհում. ԱՄՆ պետդեպարտամենտ
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը շարունակում է աշխատել համայն աշխարհում ԱՄՆ-ի շահերի դեմ ուղղված ահաբեկչություններ իրականացնելու ուղղությամբ: Այս մասին նշված է արտասահմանում գտնվող ամերիկացիներին հասցեագրված ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում:
Դրանում նշված է, որ «Ալ-Քաիդան» ու նրա հետ կապված կազմակերպությունները, ինչպես նաև ահաբեկչական մյուս խմբավորումները շարունակում են ահաբեկչություններ պլանավորել տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև՝ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում:
Այդ հարձակումների իրականացման ժամանակ կարող է կիրառվել տարբեր մարտավարություն՝ մահապարտների օգտագործմամբ գործողություններ, սպանություններ, առևանգումներ, ինքնաթիռների գրավում և պայթյունների կազմակերպում: Ծայրահեղականները կարող են կիրառել և՛ սովորական, և՛ ոչ ավանդական զինատեսակներ:
Դրա հետ կապված՝ ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել մեծ զգոնություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ անձնական անվտանգության ուժեղացման համար:
Պետդեպարտամենը կարծում է, որ ահաբեկիչները փորձելու են իրենց համար թիրախ ընտրել մարզական խոշոր միջոցառումների անցկացման վայրերը, բնակելի շրջանները, ընկերությունների գրասենյակները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, եկեղեցիները, դպրոցները, առևտրի կենտրոնները, տրանսպորտային կենտրոնները (մետրոպոլիտեն, երկաթուղի, ավիա և ծովային գծեր), զբոսաշրջային այլ ենթակառուցվածքներ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ամերիկացիների համար ամենամեծ վտանգը սպասվում է Եմենում, Լիբանանում, Բահրեյնում, Իրաքում, Ալժիրում, Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Սիրիայում, Սոմալիում, Աֆղանստանում, Պակիստանում: Առանձին հիշատակված է Քենիան, ուր «Ալ-Քաիդայի» հետ սերտորեն կապված «Աշ-Շաբաբ» խմբավորման ահաբեկիչների կողմից Նայրոբիի Westgate առևտրի կենտրոնի գրավման հետևանքով զոհվել էր ավելի քան 60 մարդ: