Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում հանդիպել է Միխեիլ Սաակաշվիլիի հետ
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:
Հանդիպման ժամանակ նախագահներն արտահայտվել են համատեղ խոշոր նախագծերի իրագործումը շարունակելու օգտին, ինչը տարածաշրջանում իրականացվում է Ադրբեջանի մասնակցությամբ: Նրանք ընդգծել են, որ նավթամուղերի, գազամուղերի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագծերի իրագործումը պայմանավորում է տարածքաշրջանի տնտեսական ու քաղաքական զարգացումը:
Գյուլն ու Սաակաշվիլին քննարկել են նաև երկկողմ հարաբերութունների հարցը: Գյուլը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին, ով հոկտեմբերին լքում է իր պաշտոնը՝ թուրք-վրացական հարաբերությունների ամրապնդման հարցում գործադրած ջանքների համար:
Գյուլն ընդգծել է, որ Սաակաշվիլիի նախագահության տարիներին ստորագրվել են ազատ առևտրի և ոչ վիզային ռեժիմի մասին համաձայնագրեր, ինչպես նաև արտահայտվել է գոյություն ունեցող միջպետական հարաբերությունների պահպանման ու խորացման օգտին:
Նշվում է, որ Նյու Յորքում Գյուլը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Սոմալիի, Լիբանանին, Սլովենիայի նախագահների ու Նիդերլանդների թագուհու հետ: