Խոսրով Հարությունյան. Ռուսաստանը «պատրոն» չէ, մենք էլ նրա «կլիենտը» չենք
panorama.am-ի փոխանցմամբ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, թե հաշվի առնելով ազգային անվտանգության հարցում երկրի առջև ծառացած մարտահրավերները` Հայաստանը որոշում կայացրեց ընտրել համագործակցության Եվրասիական վեկտորը` այն է Մաքսային միության անդամակցությունը:
Սակայն, ըստ Խոսրով Հարությունյանի, անհրաժեշտ է շեշտել այն իրողությունը, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը բխում է, թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի` անվտանգության ոլորտում ռազմավարական հետաքրքրություններից:
«Ռուսաստանը «պատրոն» չէ, մենք էլ նրա «կլիենտը» չենք: Ռուսաստանում դա պիտի հասկանան: Խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, այլ նաև Հարավային ուղղությամբ Ռուսաստանի շահերի անվտանգության ապահովման մասին: Սա է կարևորը: Այն տեսակետը, թե Մաքսային միությանը անդամակցությունը բացարձակապես բխում է միայն Հայաստանի անվտանգության շահերից, թերի է և քաղաքական առումով կիսատ-պռատ: Մենք պետք է հասկանանք, որ այս գործընթացը, նախևառաջ, բխում էր Ռուսաստանի շահերից, այլապես պաշտոնական Մոսկվան այդչափ նախանձախնդիր վարք չէր ցուցաբերի այս հարցում»,- ասել է Խոսրով Հարությունյանը:
Անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին` նա նշել է, որ թե Ասոցացման համաձայնագիրը, թե խորը համապարփակ առևտրի համաձայնագիրը հետապնդում էին միայն տնտեսական նպատակներ:
«Աշխարհաքաղաքական առումով ԵՄ-ն ՀՀ-ի ձեռքերով փորձում էր դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Իրենց թվում էր, թե կունենան դիվանագիտական հաղթանակ: Բայց ռուսները միամիտ չեն»,- ասել է Խոսրով Հարությունյանը:
Այնույնուհանդերձ , ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամի, այժմ «Եվրոպայի պատուհանը» Հայաստանի համար, ոչ թե փակ է, այլ` «կիսաբաց»:
«Իսկ թե այդ պատուհանը ինչքան կբացվի ՀՀ-ի առաջ՝ պայմանավորված է ՀՀ-ով: Ցանկացած քաղաքական որոշում գին ունի, եվրոպացիները մեզ պետք է վճարեն: Ինչպես եվրոպացիներն են սիրում ասել՝ գնդակը եվրոպացիների դաշտում է: Մենք կաշխատենք, բայց որոշումները նրանք են կայացնում: Պիտի կծենք այնպիսի կտոր, որ կարողանանք կուլ տալ, եվրոպացիների հետ պետք է գնանք այս ճանապարհով: Ինձ թվում է՝ մինչև նոյեմբեր ինչ-որ մի հուշագիր մենք ԵՄ-ի հետ կստորագրենք»,- ասել է Խ. Հարությունյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: